Հայաստանում 21 000-ից ավել տեղահանված արցախցի է ապրում

Մարզային այցելություններ են իրականացվելու, որի միջոցով նախատեսում են հանդիպել մարզերում բնակվող բնակչության 60%-ի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում ժամանակավոր բնակվող՝ Արցախից տեղահանված բնակչության թվաքանակը կազմում է 21 615 մարդ կամ 5448 ընտանիք: Տեղեկանում ենք ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի ֆեյսբուքյան էջից։

Տեղահանվածները տուն կունենան. Արցախում մեկնարկում է բնակարաններով ապահովելու ծրագիրը

«Հայաստանում ապրող Արցախից տեղահանվածների 68.7%-ն ապրում է մարզերում, 31.3%-ը՝ Երևանում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Օպերատիվ շտաբը վերսկսել է նաև իր այցելությունները մարզեր. երեկ Արագածոտնի մարզ է այց տեղի ունեցել, մասնավորապես, Թալին և Ապարան համայնքներ։ Նշվում է նաև, որ շտաբի կողմից դեպի մարզեր այցելությունները կրելու են պարբերական բնույթ:
Մարզային այցելությունների միջոցով նախատեսում են հանդիպել մարզերում բնակվող բնակչության 60%-ի հետ:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին` Փախստականների համաշխարհային օրվա վերաբերյալ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում էր, որ պատերազմի հետևանքով իրենց բնակավայրերից տեղահանվել և Հայաստանում էր հաստատվել ընդհանուր մոտ 90 000 արցախցի, որից 88 տոկոսը կանայք և երեխաներ էին։

Ավելին, նրանցից շատերը կրկնակի տեղահանվածներ են, որոնք բռնի տեղահանվել էին 1990-ական թթ․ Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի արդյունքում ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո անցած և էթնիկ զտումների ենթարկված բնակավայրերից։

Արցախցիները նախկինում կազմում էին տարիների պլաններ, այժմ ապրում են մեկ օրով. պատգամավոր