81 միլիոն եվրո ծախսից հետո ՀՀ 11 քաղաք և 37 գյուղ շուրջօրյա ջրամատակարարում կունենան

Այս փուլում ակտիվ աշխատանքներ են տարվում Գյումրի, Հայկավան, Բայանդուր , Վանաձոր, Լեռնապատ և Գուգարք բնակավայրերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության 11 քաղաքում և 37 գյուղում 100 000 բնակիչ շուրջօրյա ջրամատակարարում կունենան։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։

Եթե շարունակենք աղտոտել շրջակա միջավայրը, խմելու ջուր չենք ունենա. բնապահպան

Նա նշում է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող Համայնքային ենթակառուցվածքների ծրագրը ակտիվ ընթացքի մեջ է, դրա նպատակն է բարելավել համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, ինչը ենթադրում է հնամաշ խողովակաշարերի փոխարինում, ջրընդունիչների, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանների վերակառուցում, ջրաչափերի տեղադրում, շուրջօրյա ջրամատակարարման ապահովում և այլն։

Ծրագրի շահառու են ՀՀ 6 մարզեր` Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Շիրակ, Լոռի, Արմավիր։

Ընդհանուր առմամբ` ծրագրի շրջանակում խմելու ջուր կհասնի Հայաստանի 11 քաղաքային և 37 գյուղական բնակավայր։ Շահառու բնակիչների թիվը գերազանցում է 100 000-ը։

Որքանո՞վ է անվտանգ խմելու ջուրը Կոտայքում ու Գեղարքունիքում

Այս փուլում ակտիվ աշխատանքներ են տարվում Գյումրի, Հայկավան, Բայանդուր, Վանաձոր, Լեռնապատ և Գուգարք բնակավայրերում։

Ծրագիրը ֆինասավորվում է ՀՀ կառավարության, Գերմանիայի KFW Բանկի, Եվրոպական Ներդրումային բանկի և Եվրամիություն կողմից։

Ընդհանուր ներդրումը կազմում է 81 միլիոն եվրո։

Ինչո՞ւ է ծորակից պղտոր ջուր հոսում, կամ ինչ պետք է անի «Վեոլիա ջուր» ընկերությունը