Դիլիջանի թունելի մոտ «Գազելը» բախվել է արգելապատնեշին․ այրվածքներով 2 անձ է հոսպիտալացվել

ՃՏՊ–ի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ մյուսինը` կայուն ծանր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Այսօր Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 80 կմ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. դեպի Երևան ընթացողբեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան Դիլիջանի թունելից դուրս գալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում։ Տեղեկությունը հայտնում է shamhsyan.com-ը։

Խոշոր վթար Տավուշում․ կան վիրավորներ

Վթարի հետևանքով ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի, 2 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, քանի որ բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Այնուհետև վիրավորները Սևանի բժշկական կենտրոնից տեղափոխվել են Երևան. նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր, մյուսը` կայուն ծանր վիճակում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում. կա մեկ զոհ, մեկ տուժած