Եթե Ալիևը 30 տարվա ընթացքում չի հասկացել, ուրեմն պետք է պարտադրել այդ լուծումը. Արցախի ՄԻՊ

Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել` ասելով, որ արցախցին երբեք չի ապրել և չի կարող ապրել Ադրբեջանի հետ խաղաղությամբ: Սա տարիների դառնությամբ փաստագրված իրողություն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 30 տարիների ընթացքում չի հասկացել, որ ԼՂ հակամարտությունը չի կարող լուծված համարվել Արցախի հայության իրավունքների հաշվին, ուրեմն նրան պետք է պարտադրել այդ լուծումը։ Նման հայտարարություն է տարածել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Facebook–ի իր էջում գրառում կատարելով։

«Միջազգային հանրությունը վերջապես պետք է հասկանա, որ ցուցաբերվող կրավորական կեցվածքով ուղղակի կասկածի տակ է դնում մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթության ողջ գաղափարաբանությունը և պարտության է մատնում մարդու իրավունքներն ու ազատությունները բռնապետությանն ու ագրեսիային»,–գրել է Ստեփանյանը։

Բացի այդ, Արցախի ՄԻ պաշտպանն ասում է նաև, որ Ալիևի` տարբեր առիթներով արած հայտարարությունները հստակ ցուցիչ են, որ խաղաղ գոյակցության մասին ցանկացած հեռանկար ուղիղ իմաստով անդառնալի հետևանքներ է պարունակում։ Նա վստահ է` արցախցին երբեք չի ապրել և չի կարող ապրել Ադրբեջանի հետ խաղաղությամբ. սա տարիների դառնությամբ փաստագրված իրողություն է:

Այս ստորացուցիչ պատկերը շարունակվելու է. Քոչարյանը` Ալիևի հայտարարությունների մասին

Ստեփանյանը կարծում է, որ իմաստազուրկ և ապարդյուն քայլեր են հակառակը ցուցադրելու կամ բեմադրելու բոլոր փորձերը։ Արցախցու համոզմունքն այս հարցում անբեկանելի ու անհերքելի է:

«Միջազգային հանրությունը պիտի ընկալի, որ չի կարող լինել խաղաղ գոյակցություն այն ժողովրդի հետ, որը տարիներ շարունակ սնվել է հայատյացության «թույնով»։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակում ամեն օր խախտվում են Արցախի ժողովրդի իրավունքները, իսկ Ալիևը խոսում է հակամարտության լուծված լինելու մասին ու սպառնում նոր պատերազմով»,–ասում է Ստեփանյանը։

Միշտ էլ նժարը թեքվում է ուժեղի կողմը. ինչպե՞ս պետք է պատասխանի Հայաստանն Ալիևին

Նրա խոսքով` այդ ամենի հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի աշնանը Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմն առ այսօր իրավական հստակ գնահատականի չի արժանացել։

Հիշեցնենք, որ Բաքվում պատերազմին մասնակցած և պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հետ հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք պատրաստ են սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները, սակայն Հայաստանը չի արձագանքում: Նրա խոսքով` կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանները և սկսեն սահմանազատման գործընթաց:

Ալիևի պնդմամբ` եթե կա Արևելյան Զանգեզուր, ուրեմն կա նաև Արևմտյան Զանգեզուր, նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենիք, հետևաբար ադրբեջանցիների երկիրը նաև Զանգեզուրն է, Գոյչան (Սևան), Իրևանը (Երևան):

Օղակը Հայաստանի պարանոցի շուրջ սեղմվում է. ի՞նչ են ենթադրում Ալիևի հայտարարությունները