Ադրբեջանի զինված ուժերը դարձյալ կրակ են բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայկական ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Այսօր` հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ Հայկական ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների:

Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

Հիշեցնենք` հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրին հարող հատվածում նախաձեռնել էին սադրիչ առաջխաղացում, որի հետևանքով դիպուկահարի կրակոցից զոհվել էր ՀՀ պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը:

Երասխի սահմանին փոխհրաձգություն է եղել. կա զոհ, կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը