Սուրիկ Օհանջանյանի կալանավորման համար հիմք չկա. պաշտպանը բողոքարկել է դատարանի որոշումը

Որոտան համայնքի վարչական ղեկավարի փաստաբան Արսեն Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հույս հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը կբավարարի բողոքն ու ոչ իրավաչափ կճանաչի իր պաշտպանյալի կալանավորման որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Որոտան համայնքի վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանի փաստաբան Արսեն Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ հուլիսի 12-ին վերաքննիչ դիմում է ներկայացրել` բողոքարկելու առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը։

«Դատարանն է որոշում, թե ինչ ժամկետներում լսի բողոքը։ Կարծում եմ` հաջորդ շաբաթ կլսեն։ Հուսով եմ` Վերաքննիչն անօրինական կճանաչի Օհանջանյանի կալանավորումը, քանի որ դրա համար իրավական հիմքեր չկան»,- նշեց Վարդանյանը։

Նրա խոսքով` դատարանը պետք է հաշվի առնի նաև Օհանջանյանի առողջական վիճակը. վերջինս անոթների լայնացման խնդիր ունի և երկրորդ խմբի հաշմանդամ է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել Որոտանի վարչական ղեկավարի տանը, որից հետո նրան ձերբակալեցին։ Հուլիսի 10-ին դատարանը Օհանջանյանի ձերբակալումը ճանաչեց ոչ օրինաչափ, սակայն նրա նկատմամբ երկամսյա կալանքի միջնորդությունը բավարարեց։

Որոտանի գյուղապետի տնից զենք ու զինամթերք է հայտնաբերվել