Պաշտպանության նախարարությունը Եռաբլուրում 1000 գերեզման կկառուցի

Նախատեսվող ծախսերը կկազմեն 1,5 մլրդ դրամ։ Այդ գումարն ստանալու ու ծրագիրն իրականացնելու առաջարկով ՊՆ–ն դիմել է կառավարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը ծրագրում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 1000 գերեզման կառուցել ու տարածքի բարեկարգման աշխատանքների կատարել։

Միասնության երթ դեպի Եռաբլուր` եռագույն դրոշներով, զոհերի լուսանկարներով

Նախատեսվող ծախսերը նախարարության հաշվարկով կկազմեն 1,5 մլրդ դրամ։

Այդ գումարն ստանալու ու ծրագիրն իրականացնելու առաջարկով ՊՆ–ն դիմել է կառավարությանը։ Բյուջտային հատկացման որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում` առանց զեկուցման ու քննարկման։

Ի դեպ, մինչ այդ` 2021 թվականի մայիսի 26-ին նախարարությունը Եռաբլուրում գերեզմանների կառուցման ու տարածքի բարեկարգման աշխատանքների գնման մրրցույթ էր հայտարարել, բայց հայտերի ներկայացման վերջնաժամկետն ավարտվել է հուլիսի 2-ին, և որևէ ընկերություն մասնակցության հայտ չի ներկայացրել։

Այժմ, հաշվի առնելով աշխատանքները հրատապ իրականացման պահանջը, նախարարությունը որոշել է դրանք իրականացնել մեկ անձից գնման ձևով։ Կառավարությունն էլ հաստատել է ՊՆ–ի այս առաջարկը։

ԱՀ նախագահն ընդունել է անհետ կորածների հարազատներին, ՊՆ պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր

Հավելենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով՝ հունիսի 9-ի տվյալներով, հայկական կողմն ունի պաշտոնապես հաստատված 3621 զոհ և 321 անհետ կորած։ 

Վիրավորում ստացած զինծառայողների թիվը մոտ 11 հազար է։