ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Հուլիսի 14-ին ԱԳ նախարարի առաջին տեղակալ նշանակված Արմեն Գրիգորյանն այսօր առաջին անգամ էր այդ պաշտոնում մասնակցում կառավարության նիստին։ Ու հենց առաջին նիստում էլ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առաջին հաճելի անակընկալը մատուցեց արտերկրում գործող ՀՀ դիվանագիտական ծառայություններին։
ԱԳՆ–ի առաջարկով կառավարությունն այսօրվա նիստում առանց զեկուցման ու քննարկման բյուջեից լրացուցիչ 350 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար տրամադրեց ՀՀ դեսպանատների գործունեության իրականացումն ու դեսպանությունների շենքային պայմաններն ապահովելու համար։
Նախագիծն ընդունվեց միաձայն, այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ի դեպ, նշենք, որ որոշումը նաև 2 հույժ գաղտնի կետեր ունի։ Թե ինչ կարգավորումներ են դրանցում թաքցված, հանրության համար անհասանելի է։