Նիկոլ Փաշինյանը կրկին կհանդիպի արտախորհրդարանական ուժերի հետ. ԶԼՄ

Նախորդ նմանատիպ հանդիպումը վարչապետի պաշտոնակատարի հետ տեղի էր ունեցել հուլիսի 9-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական ուժերին հուլիսի 24-ին կրկին հանդիպման է հրավիրել: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը հավելելով, որ Փաշինյանը նպատակ ունի ամեն ամսվա վերջին շաբաթ օրը հանդիպել արտախորհրդարանական ուժերի հետ:

Ինչո՞ւ հենց Քյարամյանը. իրավապաշտպանը մեկնաբանում է Փաշինյանի նոր որոշումը

«Իսկ իրականում այդ ուժերի հետ հանդիպումներն ընդամենը վերահսկողության տակ պահելու, խաղաղեցնելու, փողոցային պայքարից հեռու պահելու նպատակ են հետապնդում: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ մինչև այժմ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ որևէ պայմանավորվածություն չի եղել, որևւէ ձևով չի ասվում, թե առաջիկայում այդ հանդիպումները ինչ են տալու, կամ ընդհանրապես որն է այդ հավաքների իմաստը»,-նշված է պարբերականում:

Տեղեկացվում է նաև, որ շատերի կարծիքով՝ Փաշինյանը նպատակ ունի կիսել իշխանությունը նրանց հետ, կառավարությունում քաղաքական ուժերի լիդերներին պաշտոններ հատկացնել, սակայն մինչև այժմ որևէ բան չի արվել, որևէ խոստում չի տրվել:Հանդիպումներին Փաշինյանն ասում է, որ պետք է համագործակցել, բայց թե ինչպես, ինչ ձևաչափով, որևէ փակագիծ չի բացում: Ու նաև դա է պատճառը, որ շատերը երկմտում են՝ մասնակցե՞լ այդ հավաքներին, թե՞ հրաժարվել:

Հավելենք, որ նմանատիպ հանդիպում էր տեղի ունեցել նաև հուլիսի 9-ին։ Այդ ժամանակ որոշում էր կայացվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ առաջին նիստն անցկացնել առաջիկայում:

Ինչու Փաշինյանը Գրիգորյանին տեղափոխեց ԱԳՆ. Հակոբյանը` աղմկահարույց նշանակման մասին