ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են գերեվարված հայ անձանց: Հայաստանում կառույցի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» հայտնել է, որ որպես չեզոք միջնորդ, շարունակում են պարբերական այցերը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերաբերյալ վիճակագրական տվյալ չի հրապարակում: Հուլիսի 3-ին 15 հայ գերիների վերադարձից հետո Ադրբեջանն այժմ հաստատում է 45 անձի գերության փաստը:
Զառա Ամատունու խոսքով` ԿԽՄԿ ներկայացուցիչների հերթական այցը տեղի է ունեցել հունիսի վերջին, հուլիսի սկզբին:
Հայ գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները կշարունակվեն. ՌԴ դեսպան
Հատկանշական է, որ այցելել են այն անձանց, որոնց գերեվարումը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի իշխանությունը: Այս այցերի շրջանակում ևս հնարավորություն է տրվել բոլոր գերեվարված հայերին տեսաուղերձներ ձայնագրել իրենց ընտանիքների համար, ինչպես նաև կատարել հեռախոսազանգեր, օգտվել նաև նամակներ գրելու հնարավորությունից:
«Մինչև այս պահը հայ գերիների հարցը լիովին լուծված չէ». Փաշինյանը` Պուտինին