Իրանի նոր նախագահը տարբեր կերպ է շնորհակալություն հայտնել Փաշինյանին ու Ալիևին

Ռայիսին Ադրբեջանի նախագահ Ալիևին շնորհավորել է «օկուպացված տարածքներն ազատագրելու» կապակցությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորելու համար:

«Առաջ կմղենք համագործակցության օրակարգը». Փաշինյանը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին

Հայաստանում Իրանի դեսպանության հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռայիսին առանձին ուղերձներով շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

«Նորընտիր նախագահը, բարօրություն և հաջողություններ մաղթելով ՀՀ կառավարությանը և ժողովրդին, հույս է հայտնել, որ երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել զարգացման և ընդլայնման ականատեսը կլինի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանում Իրանի դեսպանությունն էլ հրապարակել է Ռայիսիի` Ալիևին ուղված ուղերձը:

Ուղերձում նշվում է, որ երկու բարեկամ և հարևան երկրների միջև հարաբերությունները հիմնված են եղբայրական կապերի, ժողովուրդների ընդհանուր մշակույթի և պատմության վրա:

«Ռայիսին շնորհավորել է նախագահ Ալիևին օկուպացված տարածքների ազատագրման, այդ տարածքներում Ադրբեջանի պետական իշխանության վերականգնման և պետական սահմանների վերահսկողության հաստատման կապակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:

Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կզարգանա ավելի արագ տեմպերով՝ նպաստելով տարածաշրջանի կայունության և խաղաղության ամրապնդմանը: