Վիկտոր Ենգիբարյանի փոխանցմամբ` համապատասխան օրենքն ընդունվել է 2013 թվականին, ինչից հետո Հայաստանում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, այդ թվում` տնտեսական, բայց ամենակարևոր փոփոխությունը 2015 թվականի Սահմանադրությունից բխող խորհրդարանական պետության կառավարման համակարգին անցումն է, ինչը ենթադրում է պատգամավորների առավել մեծ ներգրավվածություն պետական կառավարման համակարգում, օրենսդիր աշխատանքի ավելի մեծ ծավալ։
«2018 թվականից սկսել է գործել խորհրդարանական պետության կառավարման համակարգը և մենք էլ, որպես ԱԺ պատգամավորներ, բախվել ենք մի իրավիճակի, երբ կա պատգամավորների նյութատեխնիկական ապահովության հետ կապված խնդիր։ Հենց դրանով է պայմանավորված սույն օրենսդրական նախաձեռնությունը»,– ասաց ԱԺ պատգամավորը։
Ենգիբարյանի կարծիքով` թե պատգամավորներից ովքեր և ինչպես են հանդիպում ընտրողների հետ, ավելի վառ կերպով ցույց տվեցին վերջին խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները, բայցևայնպես նյութատեխնիկական ապահովումը չի վերաբերում միայն քաղաքացիների հետ հանդիպումներին կամ մարզային այցերին։ Ըստ նրա` ամբողջ բովանդակությունն այն է, որ պատգամավորներն ունենան ազատ միջոցներ իրենց աշխատանքային ու մասնագիտական գործունեությունից բխող ծախսերը հոգալու համար։
«Ընդհանրապես, պատգամավորի գործունեությունը վերահսկվում է ամենաբարձր մակարդակով։ Դա քաղաքական ու քաղաքացիական վերահսկողությունն է։ Բոլոր պատգամավորներն ու կուսակցությունները, որոնք չեն գոհացնում իրենց ընտրողներին, հետագայում արժանանում են քաղաքացիների համապատասխան գնահատականին։ Անկախ նրանից, թե մեր նախաձեռնությունը կլիներ, թե ոչ, քանի դեռ պատգամավորը զբաղվում է իր աշխատանքով, նա գտնվում է քաղաքացիների վերահսկողության ներքո»,– նշեց ԱԺ պատգամավորը։
Պետական համակարգում աշխատավարձերն ու պարգևավճարները կազմել են միջինը 360 000 դրամ
Ենգիբարյանի խոսքով` ավելի բարդ ու բազմաշետ վերահսկողություն, ինչպիսին քաղաքական պատասխանատվությունն ու քաղաքացիական վերահսկողությունն է, գոյություն չունի, և պատգամավորական գործունեությունը որևէ այլ եղանակով հնարավոր չէ վերահսկել։
Նշենք, որ ԱԺ նիստում ներկայացնելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը`Վիկտոր Ենգիբարյանը կարծիք էր հայտնել, որ ԱԺ պատգամավորների նյութատեխնիկական ապահովման, տարբեր ծառայություններից, հիմնականում՝ վառելիքի ծախսերից օգտվելու համար ամսական տրամադրվող 50 000 դրամը բավարար չէ։
Նշենք, որ վերոհիշյալ նախագիծը քննարկվել է 24-ժամյա ռեժիմով ու ընդունվել երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ։