Հայաստանի խորհրդարանը լուռ ու միաձայն ընդունեց աղմկահարույց օրինագծերը

Հանքանյութ արտահանողներն ավելի բարձր տուրքեր կվճարեն, պատգամավորներն էլ ավելի բարձր եկամուտներ կունենան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ԱԺ–ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ հաստատեց հանրության շրջանում վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած օրինագծերը։

Ինչո՞ւ է պատգամավորին լրացուցիչ 200 հազար պետք. պարզաբանում է օրինագծի հեղինակը

Դրանցից առաջինը` կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, ընդունվեց միաձայն` 71 կողմ ձայնով։

Օրինագծի երկրրդ ընթերցմամբ քննարկումը տևեց րոպեներ։ Ոչ մի պատգամավոր հարց չուղղեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին։ Ելույթներ ևս չեղան։

Հիշեցնենք` այս օրինագծով լրացուցիչ տուրք է սահմանվում Հայաստանից արտահանվող պղնձի և մոլիբդենի խտանյութերի ու դրանց հարակից ապրանքների նկատմամբ` միջազգային շուկայում պղնձի ու մոլիբդենի այդ պահին գործող գների 15 տոկոսի չափով։

Կառավարության հաշվարկով` նոր տուրքը թույլ կտա տարեկան շուրջ 72 մլրդ դրամի մուտք ապահովել բյուջե, որից կօգտվեն ոչ միայն գերշահույթ ստացող հանքատերերը, այլև շարքային քաղաքացիները` պետական տարբեր ծրագրերի միջոցով։

«Տնտեսվարողների հետ չի քննարկվել». Քերոբյանն ասաց` ինչու են հանքատերերի տուրքը բարձրացնում

Օրինագծի ընդդիմախոսները դրանում քաղաքական ենթատեքստ են տեսնում` կանխատեսելով, որ օրենքի ընդունումը կհանգեցնի ոլորտի ընկերությունների կործանման։

ԱԺ–ի հաստատած երկրորդ օրինագիծը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ի փոփոխությունն է։

Դրանով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար յուրաքանչյուր պատգամավորին տրվող ամսական 50 000 դրամը դարձնել 250 000։ Այսինքն` ավելացնել 5 անգամ։

Նախագծի համահեղինակ` «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ իր ելույթում ասաց.

«Ես կարծում եմ, որ մենք Հայաստանում պետք է ձևավորենք արժեքային մի այնպիսի համակարգ, որտեղ պետական ծառայողները` թե՛ իրենց աշխատավարձի առումով, թե՛ եկամուտների առումով իրենց հույսը պետք է դնեն միայն ու միայն պետական բյուջեի վրա»։

Նրա խոսքով` Հայաստանում արդեն փակվել է այն էջը, երբ պատգամավորները սերտաճած էին գործարարության հետ, ու պատգամավորներն իրենց ծախսերը հոգում էին «օդում կախված ծրարային մեթոդներով»։

«Մենք ստացել ենք մանդատ՝ օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու վերաբերյալ». Փաշինյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն էլ հայտնեց, որ կառավարության դիրքորոշումը նախագծի նկատմամբ դրական է։

Պատգամավորներն այս նախագծի շուրջ ևս ո՛չ հարցեր տվեցին, ո՛չ ելույթներ ունեցան։

Այս նախագիծը ևս ընդունվեց միաձայն` 71 կողմ ձայնով։

Նոր օրենքն ուժի մեջ կմտնի Ազգային ժողովի հաջորդ գումարման երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն` 2022թ–ի հունվարից։

Հայաստանի ընդերքը պետությանն է. կառավարությունը բարձրացնում է հանքատերերի տուրքերը