Դատարանը վերադարձրել է Թագուհի Թովմասյանի հայցադիմումն ընդդեմ Լենա Նազարյանի

Հունիսի 3-ին ԱԺ-ում Թագուհի Թովմասյանի ելույթին Լենա Նազարյանը շշուկով արձագանքել էր՝ «իդիոտկա»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik․ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի դատական հայցն ընդդեմ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ է վերադարձվել: Այս մասին տեղեկանում ենք datalex.am-ից։

Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Նշվում է, որ Թովմասյանը հունիսի 30-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Նազարյանի` վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին:

Դատարանը վերադարձրել է դիմումը այն պատճառաբանությամբ, որ Թովմասյանը լիարժեք չի վճարել պետական տուրքերը։ Մասնավորապես՝ նա ներկայացրել էր մեկ ոչ գույքային պահանջ, որի համար պետք է վճարեր 4000 դրամ պետական տուրք, 1 մլն դրամ գումարի բռնագանձման պահանջ, որի համար պետք է վճարեր 20 հազար դրամ պետական տուրք: Այսինքն՝ ընդհանուր առմամբ հայցվորը պետք է վճարեր 24 հազար դրամ պետական տուրքի գումար, այնինչ նա վճարել է 8000 դրամ:

Միաժամանակ դատարանն ընդգծում է, որ մատնանշված թերությունները վերացվելու և հայցադիմումը կրկին դատարան ներկայացնելու պարագայում անհրաժեշտ է հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները կրկին ուղարկել գործին մասնակցող անձին և այդ փաստը հավաստող ապացույցները կցել կրկին ներկայացված հայցադիմումին: Որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:

Դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանի դստեր հայցը. Շուշանը 2 մլն դրամը չի ստանա

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ԱԺ-ում Թագուհի Թովմասյանի ելույթին Լենա Նազարյանը շշուկով արձագանքել էր «իդիոտկա»։ Դրանից հետո Թովմասյանը պահանջել էր իրենից ներողություն խնդրել: