ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Երևանի «Արարատը», յուրաքանչյուր խաղակեսում մեկական գնդակ ուղարկելով հունգարական «Ֆեհերվար» թիմի դարպասը, երկու հանդիպումների արդյունքում հաղթանակի հասավ 3։1 հաշվով և կխաղա որակավորման երկրորդ փուլում։
Առաջին խաղում, երբ «Արարատը» հայտնվել էր հետապնդողի դերում, հայկական ակումբի պարտությունից փրկեց Դմիտրիե Պոբուլիչը, որի հեռահար «կրակոցն» անակնկալ էր մրցակցի դարպասապահի համար։ Գյումրու քաղաքային ստադիոնում կայացած երկրորդ խաղում էլ Պոբուլիչը անակնկալ ուներ «Ֆեհերվարի» դարպասապահի համար։ Ադամ Կովաչիկը ստիպված էր հայացքով հետևել, թե ինչպես է գնդակը հայտնվում իր պաշտպանած դարպասում, երբ տուգանայինը վարպետորեն իրացրեց նույն Դմիտրիե Պոբուլիչը։
Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտը» հաղթեց ու դուրս եկավ 2-րդ փուլ. տեսանյութ
Իհարկե խփած գնդակը անմիջապես փոխեց հանդիպման ընթացքը, մերոնք արդեն հակագրոհելու շատ լավ հնարավորություններ ունենալով` մեկը մյուսի հետևից սպառնում էին հյուրերի դարպասին։ Արդարության համար նշենք, որ հունգարական թիմն էլ կարող էր հասնել արդյունքի, բայց Վսեվոլոդ Երմակովը անսասան էր։ Իսկ երբ խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Դոնիմանի Սիլուն անհատական վարպետությամբ շրջանցեց պաշտպանին ու երկրորդ գնդակն ուղարկեց «Ֆեհերվարի» դարպասը, պարզ դարձավ, որ «Արարատը» հաղթահարում է որակավորման առաջին փուլը։
Երկրորդ փուլում «Արարատը» մրցելու է էստոնական «Պայդե» և լեհական «Շլենսկ» զույգի հաղթողի հետ։ Ամենայն հավանականությամբ մեր թիմի մրցակիցը լինելու է լեհական թիմը, որը առաջին խաղում մրցակցի հարկի տակ հաղթել է էստոնացիներին։
Այսօր ավելի ուշ իրենց պատասխան հանդիպումներն են անցկացնելու հայկական ևս երկու ակումբներ։ Առաջին խաղում նվազագույն 0։1 հաշվով պարտվելուց հետո «Ուրարտուն» հյուրընկալելու է «Մարիբորին», իսկ «Նոան» Ֆինլանդիայում տեղի «ԿուՊՍ»-ի հետ խաղում ունի մեկ գնդակի առավելություն Երևանում հաղթելուց հետո։
Մխիթարյանը շնորհավորել է Իտալիայի հավաքականին Եվրո-2020-ում հաղթելու առթիվ