Ապրիլ-մայիսին Ռուսաստանից Հայաստան փոխանցումներն աճել են

Երբ կորոնավիրուսային սահմանափակումները հանվեցին, աշխատանքային միգրանտները նորից սկսեցին մեկնել ՌԴ։ Մեկ այլ առանձնահատկություն էլ կա. վերջին 10 տարում ավելի շատ գումար է գալիս ոչ թե սեզոնային աշխատողներից, այլ քաղաքացիություն ստացած և Ռուսաստանում հաշվառված հայերից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik.Հայաստանի կենտրոնական բանկի վիճակագրությունը վկայում է, որ 2021 թվականի հունվար-մայիսին Ռուսաստանից Հայաստան քաղաքացիների դրամական փոխանցումները աճել են։ Նշված ժամանակահատվածում փոխանցումները կազմել են գրեթե 290 մլն դոլար, մինչդեռ 2020-ի հունվար-մայիսին 243 մլն դոլար ցուցանիշ էր գրանցվել:

«Տնտեսվարողների հետ չի քննարկվել». Քերոբյանն ասաց` ինչու են հանքատերերի տուրքը բարձրացնում

Միևնույն ժամանակ առաջին եռամսյակում (հունվար-մարտ) դրամական փոխանցումները կրճատվել են մոտ 6%-ով (164-ից մոտ 154 մլն դոլար): Նմանատիպ վիճակագրություն է արձանագրել նաև Ռուսաստանի բանկը։Ըստ այդ բանկի տվյալների՝ 2021 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել մոտ 151 մլն դոլար։

Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2020-ի առաջին եռամսյակը հիմնականում նախաճգնաժամային էր, աշխատանքային միգրանտներն ընդհանուր առմամբ աշխատել և վճարվել են սովորական ռեժիմով: 2020 թվականի ապրիլ-մայիս ամիսներին` լոկդաունների սկսվելուց ի վեր, զգալիորեն տուժել են առևտրի, ծառայությունների և շինարարության ոլորտները, իսկ դրանց հետևանքով` նաև միգրանտների (ինչպես նաև Ռուսաստանում մշտապես բնակվող և ազգականներին գումար փոխանցող հայերի) եկամուտները:

Այժմ դրամական փոխանցումները վերականգնվում են, քանի որ սահմանները բացվել են, և սեզոնային աշխատողները կրկին մեկնում են Ռուսաստան։ 2021 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, Հայաստանի ԿԲ տվյալներով, Ռուսաստանից փոխանցումներն աճել են գրեթե 70 տոկոսով (78-ից մինչև 135 մլն դոլար):

Նշենք, որ Ռուսաստանի բանկի տվյալներով՝ Ռուսաստանից Հայաստան փոխանցումների հիմնական մասը բաժին է ընկնում ՌԴ ռեզիդենտներին (2021 թվականի առաջին եռամսյակում` գրեթե 80 տոկոս)։ Մոտ 10 տարի առաջ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների փոխանցումների հարաբերակցությունը գրեթե հավասար էր, բայց տարիների ընթացքում մշտապես աճել է ՌԴ ռեզիդենտների մասնաբաժինը: Ընդ որում` Ռուսաստան մեկնող սեզոնային աշխատողների մի մասը ՌԴ քաղաքացիություն և մշտական բնակություն են ձևակերպում (օրինակ ՝ մի քանի տարի աշխատելուց հետո), և, ըստ ռուսական վիճակագրության, արդեն ՌԴ ռեզիդենտներ են համարվում։

Հայ «խոպանչիներն» ու ՌԴ-ի բարեփոխումները․ ի՞նչ է սպասում ապօրինի միգրանտներին