ԱԳ նախարարի պարտականությունները դրվել են Արմեն Գրիգորյանի վրա

Մինչև Գրիգորյանի նշանակումը ԱԳՆ-ում առաջին տեղակալի պաշտոն չի եղել, իսկ նախարարի պարտականությունները 1,5 ամիս շարունակ կատարել է փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Ղևոնդյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik․ ՀՀ ԱԳ նախարարի պարտականություններն անցել են երեկ նախարարի առաջին տեղակալ նշանակված, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին կառավարության աղբյուրները։

Արա Այվազյանն անհեթեթ է համարում Արմեն Գրիգորյանի մեղադրանքը

Ըստ դիվանագիտական ծառայության մասին օրենքի՝ Արմեն Գրիգորյանի նշանակումից հետո նրան են անցել նախարարի պարտականությունները։ Sputnik Արմենիայի տվյալներով՝ Գրիգորյանն անմիջապես զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի աշխատասենյակը։

Նշենք, որ մինչև Գրիգորյանի նշանակումը ԱԳՆ-ում առաջին տեղակալի պաշտոն չի եղել, իսկ նախարարի պարտականությունները 1,5 ամիս շարունակ կատարել է փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Ղևոնդյանը։

Հիշեցնենք, որ արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավար Արա Այվազյանը հրաժարական էր տվել մայիսի 27-ին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի հետ շփման գծում իրավիճակի ապաԷսկալացման ծրագրի հրապարակումից հետո։

Հիշեցնենք` մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Նույն օրը տեղեկություն տարածվեց, որ հրաժարականի դիմումներ են գրել նաև բոլոր փոխարտգործնախարարները`Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը և Արմեն Ղևոնդյանը։

Հունիսի 8-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նախարարի տեղակալներ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանն ու Գագիկ Ղալաչյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից:

Արմեն Ղևոնդյանի հրաժարականը Փաշինյանը չէր ընդունել, և նա ժամանակավորապես կատարում էր նախարարի պարտականությունները։