Ադրբեջանական կողմը Շուշիից կրակել է Ստեփանակերտի ուղղությամբ․ տուժածներ չկան

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ասել է, որ տեղեկությունը հաստատել են նաև պետական լիազոր մարմինները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik․ Ադրբեջանական կողմը Շուշիից կրակել է Ստեփանակերտի ուղղությամբ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«ՄԻՊ ներկայացուցիչները եղել են Ստեփանակերտի Արմենավան թաղամասում, բնակիչների հետ հանդիպման ընթացքում հաստատվել է փաստը, որ մոտավորապես ժամը 17:00-ին ադրբեջանական կողմը 4-5 անգամ կարճ կրակահերթ է արձակել ինքնաձիգից։ Տեղեկությունը հաստատել են նաև պետական լիազոր մարմինները», - գրել է Ստեփանյանը։

Նա նշել է, որ առողջապահության նախարարությունից և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ստացված տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Միջադեպի մասին տեղեկացվել են ռուսական խաղաղապահ ուժերը։

Հրաձգություն Շուշիի մոտակայքում. կրակոցները դադարել են հայկական ԶՈւ–ի քայլերից հետո

«Ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, վերջին օրերին առավել հաճախ է դիմում սադրիչ գործողությունների` այդ կերպ հետապնդելով խաղաղ բնակչությանը մշտապես ահաբեկելու, վախի ու լարվածության մթնոլորտ ձևավորելու նպատակ։ Միջադեպերի քննության հստակ մեխանիզմների ներդրումը ուղղակի ահրաժեշտություն է ադրբեջանական կողմի նկրտումները զսպելու և սադրանքները բացառելու համար»,-նշել է Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության դեմ ադրբեջանական ոտնձգությունները ռուս խաղաղապահների և միջազգային հանրության կողմից պետք է արժանանան համապատասխան գնահատականի, այդ թվում` հրապարակային։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ալիևն Ադրբեջանը բաժանել է տնտեսական շրջանների․ «հաշվել» է նաև Ստեփանակերտը

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: