Զինծառայող Սամվել Ալավերդյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին. ՔԿ

Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ձախ ուսագոտու շրջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Պայմանագրային զինծառայող Սամվել Ալավերդյանի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 38-ամյա զինծառայողը մահացել է այսօր` 10։30-ի սահմանում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով։

Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել ձախ ուսագոտու շրջանում։ Մահացել է
հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 2-րդ (անձի կամ նրա մերձավորի սպանությունը՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ), 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն) և 13-րդ կետերով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն):

Կատարվում է նախաքննություն:

Սյունիքի մարզում հայ զինվորականներ են կորել. ՊՆ–ն հրապարակել է նրանց անունները