ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է AirArabia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ շեյխ Աբդուլլահ Բին Մոհամադ Ալ Թանիին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է այսօր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և AirArabia-ի միջև ստորագրված համաձայնագրով հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծումը։
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունն իր գործիքակազմերով պատրաստ է օժանդակել ավիաընկերության արդյունավետ գործունեությանը, ինչը կնպաստի ուղևորահոսքերի ընդլայնմանը, նոր ներդրումների ներգրավմանը, զբոսաշրջության զարգացմանն ու քաղաքացիներին ավիացիոն ոլորտում ժամանակակից և որակյալ ծառայությունների մատուցմանը:
AirArabia-ի տնօրենների խորհրդի նախագահը նշել է, որ իրենք Երևանը դիտարկում են որպես ավիահաղորդակցության ընդլայնման հետաքրքիր հնարավորություն: Ավիաընկերությունը գործելու է բյուջետային ավիաընկերություններին հատուկ սակագներով՝ մատուցելով բարձրակարգ ծառայություններ:
«Կթռչենք, ուր հայերը ցանկանան». «AirArabia»–ի տնօրենը պատմեց ազգային ավիափոխադրողի մասին
Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ ՀՀ քաղաքացիները ցածր սակագներով ավիահաղորդակցության կազմակերպումը դիտարկում են որպես ճանապարհորդության և մատուցվող ծառայությունների ընտրության ավելի լայն հնարավորություն: