Կարգավորումը հնարավոր է միայն ԼՂ կարգավիճակի հստակեցումից հետո. Լաքոտ

Դեսպանն իր ցավակցություններն է հայտնել Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված կրակից հայ զինծառայողի մահվան կապակցությամբ և անթույլատրելի է համաել նման գործողություններն ու հրադադարի ռեժիմի խախտումները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր կլինի միայն ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո։

Այս մասին այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Դեսպանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս կարգավորված չէ և այն հնարավոր կլինի միայն ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո»,– ասված է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրոթյան մեջ։

Փաշինյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և տարածաշրջանում կայունության ամրապնդման գործում:

Նա նաև շեշտել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում անկայունություն հրահրելու համար, ինչի վկայությունն այնտեղից ամենաբարձր մակարդակով հնչող շարունակական ագրեսիվ հռետորաբանությամբ հայտարարություններն են:

«Առաջիկայում սպասում ենք Ֆրանսիայի նախագահին». Փաշինյանն ու Մակրոնը մշտական կապի մեջ են

Լաքոտն իր ցավակցություններն է հայտնել Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված կրակից հայ զինծառայողի մահվան կապակցությամբ և անթույլատրելի է համարել նման գործողություններն ու հրադադարի ռեժիմի խախտումները:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն էլ կարևորել է տեղի ունեցող գործողություններին միջազգային հանրության կողմից համարժեք արձագանքը և անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը: