ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող «Էյր Արաբիան» ու Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը մտադիր են հայկական նոր ազգային ավիաընկերություն ստեղծել։ Կողմերը համապատասխան համաձայնագիրը կստորագրեն այսօր երեկոյան։
Մինչ այդ, սակայն, «Էյր Արաբիա» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ, շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանիին և ընկերության տնօրեն Ադել Աբդուլլահ Ալ Ալիին հյուրընկալել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Տեղեկությունը հրապարակվել է նախագահի կայքում։
Հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ օդային հաղորդակցության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցության առաջին քննարկումները տեղի են ունեցել Արմեն Սարգսյանի` ԱՄԷ կատարած այցի ընթացքում` Շարժայի կառավարիչ, շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հանդիպման ժամանակ:
Այսօր ՀՀ նախագահը ողջունել է միջազգային խոշոր ավիափոխադրողի հետ համագործակցությունը և հայկական ազգային ավիաընկերության ստեղծումը՝ գոհունակություն հայտնելով, որ Արաբական Միացյալ Էմիրություններ իր այցերի ընթացքում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները երկկողմ հետևողական աշխատանքի և շարունակական ջանքերի շնորհիվ կյանքի են կոչվում:
Այդ կապակցությամբ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության, մասնավորապես փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավար Դավիթ Փափազյանի՝ շուրջ երկու տարի տևած արդյունավետ աշխատանքը:
«Հայաստանը ներկայումս բավականին բարդ ժամանակահատված է ապրում: Մենք գնահատում ենք մեր բարեկամներին, որոնք հատկապես այս փուլում մեր կողքին են, նոր համագործակցություն ու նոր նախագիծ են սկսում Հայաստանում: Մենք արաբական երկրների հետ ջերմ բարեկամական հարաբերություններ ունենք, և ձեր ներկայությունն այս նախագծում դրա մասին է վկայում»,-ասել է նախագահը։ Նա վստահություն է հայտնել, որ «Էյր Արաբիա» ավիաընկերության գործունեությունը հայաստանյան շուկայում նոր խթան կդառնա ավիափոխադրումների ոլորտի զարգացման համար և կնպաստի երկու պետությունների փոխգործակցության սերտացմանը:
«Էյր Արաբիայի» տնօրենների խորհրդի նախագահը վստահություն է հայտնել, որ օդային նոր կամուրջը և հատկապես էմիրաթական ավիաընկերության մասնակցությամբ հայկական ազգային ավիափոխադրողի հիմնումը կդառնան Հայաստանի և ԱՄԷ–ի միջև առևտրատնտեսական և գործարար կապերի ամրապնդմանն ուղղված ևս մեկ հուսալի քայլ:
Հանդիպման ժամանակ նշվել է, որ հայկական ազգային փոխադրողը թռիչքները կսկսի արդեն հաջորդ տարի:
Նշենք, որ «Էյր Արաբիան» Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների ամենախոշոր ավիափոխադրող ընկերությունն է։