Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի դեսպանը

Դեսպանն ասել է, որ Ռուսաստանի համար Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումն ունի առաջնային նշանակություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացումը քաղաքական, տնտեսական, անվտանգային, հումանիտար ոլորտներում: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ երկու երկրներն ունեն համագործակցության լայն օրակարգ, որի իրացման ուղղությամբ կառավարությունները տանում են դինամիկ աշխատանք:

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի դեսպանը

Փաշինյանը կարևորել է հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը նաև տարածաշրջանում ոչ կայուն իրավիճակը հաղթահարելու համատեքստում և ընդգծել ՌԴ առանցքային դերը անվտանգության ապահովման գործում:

Դեսպան Կոպիրկինի խոսքով՝ Ռուսաստանի համար Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումն ունի առաջնային նշանակություն, ինչի ապացույցն է երկու երկրների ղեկավարների, ինչպես նաև կառավարությունների ներկայացուցիչների ակտիվ երկխոսությունը, շփումներն ու փոխգործակցությունը:

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի դեսպանը

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: