Պարզվել է Գորիսում տեղի ունեցած փոխհրաձգության մասնակիցների շրջանակը

ՀՀ գլխավոր դատախազությունը տարբեր միջոցառումներ է ձեռնարկում տեղի ունեցածի բոլոր մանրամասները ճշտելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Պարզվել է Գորիսում տեղի ունեցած հրաձգության մասնակիցների շրջանակը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Սուրիկ Խաչատրյանի որդին կրակել է Սյունիքի մարզպետի որդու վրա. «Հրապարակ»

Նա նշեց, որ այժմ տարբեր միջոցառումներ են ձեռնարկվում տեղի ունեցածի բոլոր մանրամասները ճշտելու համար։ ՀՀ քննչական կոմիտեում արդեն կա հարուցված քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ երկու և ավել անձի առողջությանը ծանր վնաս պատճառել), 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 258 –հոդվածի 4 մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով)։

Հիշեցնենք` «Հրապարակը» գրել էր, որ հուլիսի 14-ի գիշերը Սուրիկ Խաչատրյանի որդին (Սյունիքի նախկին մարզպետ, առավել հայտնի է որպես «Լիսկա») Տիգրան Խաչատրյանը կրակել է Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու վրա:

shamshyan.com-ն էլ հայտնել էր, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել Գորիսի Ակսել Բակունցի արձանի մոտ։ Դրան մասնակցել են մի քանի տղամարդիկ, վիրավորում են ստացել երկուսը՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդի Կարենի ընկեր Հովհաննես Վարդանյանը և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդի Մելիքսեթ Բարսեղյանը։

Երևանի կենտրոնում սպանել են 23–ամյա երիտասարդի, 21–ամյա արցախցին ծանր վիճակում է

Նշենք, որ 2013-ին Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանության գործով և նրա եղբորը ՝ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին վիրավորելու գործով:

Ավելի ուշ Տիգրան Խաչատրյանն արդարացվեց. դատարանը նրա գործողություններում տեսավ անհրաժեշտ պաշտպանության նշաններ: