ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ԱՄՆ–ում և Ռուսաստանում հայտնի երգչուհի Իջինը (Հեղինե Գրիգորյան) նշանվել է։ Երգչուհին տեղեկությունը հայտնել է Instagram–ի իր էջում ու լուսանկար հրապարակել։ Հրապարակմանը կից երգչուհին նշել է, որ այժմ Հունաստանում է։
«Ես ասացի այո: Մեկ տարի առաջ ցանկությունների ցանկ կազմեցի, և այդ ժամանակ ինձ թվում էր՝ ես գրում ու երազում էի անիրականանալիի մասին՝ գտնել սիրելի տղամարդու, որն ինձ միայն ժպիտ և երջանկություն կպարգևի: Նրան հանդիպելու առաջին օրից ժպիտն իմ դեմքից անպակաս է: Հենց սա է երջանկությունը, հանգստությունն ու ներդաշնակությունը: Ահա իրական սերը։ Ընդունում եմ շնորհավորանքներ»,- լուսանկարներին կից գրել է երգչուհին:
Նրա էջի հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել ու շնորհավորել երգչուհուն։
«Հիասքանչ նորություն, ուրախ եմ ձեզ համար», «Թող ժպիտդ երբեք չպակասի», «Անսահման երջանիկ լինեք»,–գրել են նրանք։
Իջինը ծնվել է Երևանում կիթառահարի և պրոֆեսիոնալ երգչուհու ընտանիքում։ 90–ականների սկզբին Գրիգորյանների ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, այնուհետև` Նովոռոսիյսկ։ 2012 թ–ին նա դարձել է «Տարվա բացահայտում» մրցանակի դափնեկիր Armenian music awards–ում։ Դրանից հետո դարձել է «Ռուսաստանի երիտասարդ շնորհալիներ» համառուսական մրցույթի դափնեկիր, Լոս Անջելեսի կատարողական արվեստի աշխարհի առաջնության հաղթող։