ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է արտաքին գործերի նախարարություն՝ վարչությունների պետերի հետ քննարկելու ԱԳ նախարար-փոխնախարարների հարցը։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Համաձայն թերթի աղբյուրի՝ որոշվել է, որ գոնե 2 փոխնախարարի պաշտոն զբաղեցնելու են դիվանագետներ։
Ընտրությունը կանգնել է երկու Տիգրանների՝ Տիգրան Սեյրանյանի և Տիգրան Մկրտչյանի վրա։ Տիգրան Սեյրանյանը ՀՅԴ-ական, նախկին ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանի հորեղբոր որդին է, ՀՀ դեսպան է եղել Չեխիայում, Սլովակիայում, Ուկրաինայում։
Իսկ Տիգրան Մկրտչյանը ՀՀ դեսպանն էր Լատվիայում, Լիտվայում ու Էստոնիայում, սակայն 2021թ.–ի մարտի 15-ի հրամանագրով հետ է կանչվել ու կադրերի ռեզերվում է: Հիշեցնենք` մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:
Նույն օրը տեղեկություն տարածվեց, որ հրաժարականի դիմումներ են գրել նաև բոլոր փոխարտգործնախարարները։
Հունիսի 8-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նախարարի տեղակալներ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանն ու Գագիկ Ղալաչյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից:
ԱԳՆ–ն պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենա. փոխնախարարը` հրաժարականների մասին