Արմեն Գրիգորյանն այլևս ԱԽ քարտուղարը չէ. նա նոր պաշտոն ունի

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Արմեն Գրիգորյանը նշանակվելու է ՀՀ արտաքին գործերի նախարար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Արմեն Գրիգորյանը ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Մեկ այլ հրամանագրով Գրիգորյանը ստացել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Գրիգորյանին նշանակել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ», - գրված է համապատասխան հրամանագրում։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Արմեն Գրիգորյանը նշանակվելու է արտաքին գործերի նախարար։

Այժմ ԶԼՄ-ում տարածվում են տեղեկություններ հնարավոր մյուս փոխնախարարների մասին։

Շրջանառվում են Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի և Լատվիայում, Լիտվայում ու Էստոնիայում ՀՀ նախկին դեսպան Տիգրան Մկրտչյանի անունները։

Հիշեցնենք` մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Նույն օրը տեղեկություն տարածվեց, որ հրաժարականի դիմումներ են գրել նաև բոլոր փոխարտգործնախարարները։

Հունիսի 8-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նախարարի տեղակալներ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանն ու Գագիկ Ղալաչյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից: