ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Թուրքիան ու Ադրբեջանը մտադիր են ավելացնել համատեղ զորավարժությունների քանակը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի դեսպան Ջահիդ Բախչիի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Հասանովի խոսքով` Ադրբեջանում շարունակվում են բարեփոխումները, որոնք ուղղված են բանակը Թուրքիայի զինված ուժերի չափանիշներին համապատասխանեցնելուն: Պաշտոնյան հայտարարել է, որ նախատեսվում է ավելացնել համատեղ զորավարժությունների թիվը՝ ներգրավելով տարբեր տեսակի զորքեր, այդ թվում ՝ երկու երկրների հատուկ նշանակության ուժերը:
Նա նաև բարձր է գնահատել Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական ու ռազմակրթական ոլորտներում համագործակցության մակարդակը՝ թուրքական կողմին շնորհակալություն հայտնելով ռազմական կադրերի պատրաստմանն աջակցելու համար:
Դեսպանն իր հերթին հայտարարել է, որ բոլոր ջանքերը կներդնի ադրբեջանա-թուրքական կապերը, մասնավորապես ռազմական ոլորտի համագործակցությունը զարգացնելու համար:
Նշենք, որ այս տարվա սկզբից Անկարան ու Բաքուն մի քանի զորավարժություններ են անցկացրել տարբեր զորատեսակների ներգրավմամբ: Մարզումներից մի քանիսն անցկացվել են Հայաստանիսահմանի մոտ։