ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն այսօր Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով նիստի ժամանակ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակով չէր կարող շարունակել պաշտոնավարումը վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո։
«Այն, որ վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելն էապես տարբերվում է ողջ կառավարության հրաժարական ներկայացնելուց, կարծում եմ` ակներև է: Բազմաթիվ են օրինակներն այլ երկրներում՝ հենց նույն մոդելի: Կարող է լինել 1-2 երկիր, երբ հակառակ մոդելն է, երբ վարչապետը հրաժարական է տալիս, սակայն շարունակում է իր պարտականությունները կատարել: Երկրների գերակշիռ մասը գնում է այլ ճանապարհով»,-ասաց Հարությունյանը:
Նախկին նախարարի խոսքով` երբ վարչապետը հրաժարական է տալիս, ապա լքում է այդ պաշտոնը։ Հարությունյանը շեշտեց` փոխվարչապետների ինստիտուտը շատ հաճախ Սահմանադրությամբ ամրագրված է հենց այդ պատճառով:
«Փաշինյանի կողմից մուրճի ցուցադրումը բռնություն չէ». դատախազության ներկայացուցիչ
«Երբ իր գործունեության ընթացքում երկիրը կրում է վիթխարի կորուստ, կամ տեղի է ունենում մի այնպիսի երևույթ երկրում, որը խոսում է այն մասին, որ այդ անձն այլևս չի կարող ղեկավարել գործադիր իշխանությունը, ինքը հրաժարական է տալիս: Այսինքն՝ հրաժարական տալու ինստիտուտը բառացի նույնն է նշանակում ՝ ես հրաժարվեցի այս պաշտոնից»,-ասաց Հարությունյանը` ավելացնելով, որ ԺՊ-ի կարգավիճակով պաշտոնավորումը շարունակելն այդ դեպքում Սահմանադրությամբ պաշտպանվող արժեք չէ:
Հարությանը ներկայացրեց, թե որ դեպքում են վարչապետն ու նախարարները շարունակում իրենց պարտականությունները։
«Կառավարությունը ՀՀ նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, կառավարությանը վստահություն չհայտնելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: Այդ 3 դեպքերի պարագայում բնական է, որ թե՛ վարչապետը, թե՛ մյուս նախարարները շարունակելու են իրենց պարտականությունների կատարումը»,- շեշտեց Հարությունյանը։
Ըստ նախկին նախարարի` իրենք իրենց ներկայացրած մոտեցմամբ ոչ միայն քաղաքական տրամաբանություն են փորձում պաշտպանել, այլ նաև օրինականության սկզբունքը:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Իմ քայլի» հետ. ի՞նչ է հորդորել նա. «Ժողովուրդ»