Հայաստանում 18,7 միլիոն դոլարի ներդրում կարվի անտառային նոր տարածքներ հիմնելու համար

Ծրագրի նպատակն է 2.5 տոկոսով ընդլայնել անտառային տարածքները, առնվազն 30 տոկոսով կրճատել գյուղաբնակ համայնքների վառելափայտի պահանջարկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Առաջիկա 8 տարիներին Հայաստանում 18,7 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կարվի անտառային նոր տարածքներ հիմնելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

«Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ նախարարության` աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:

Հայաստանը տնկիներ է խնդրել ՌԴ–ից «10 միլիոն ծառ» նախաձեռնությունն իրականացնելու համար

Ծրագրի նպատակն է 2.5 տոկոսով ընդլայնել անտառային տարածքները, առնվազն 30 տոկոսով կրճատել գյուղաբնակ համայնքների վառելափայտի պահանջարկը, նպաստել կայուն և կլիմային հարմարեցված անտառկառավարմանը և ապահովել տեխնոլոգիաների փոխանցումը գյուղական համայնքներին, մասնավոր հատվածին ու պետական մարմիններին՝ անտառ-էներգիա փոխկապակցված մոտեցման համատեքստում:

Կանաչ կլիմայի հիմնադրամի ութամյա ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն 18.7 միլիոն ԱՄՆ դոլար է, կխարսխվի Հայաստանի կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության, Բոլցանո ինքնավար նահանգի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և ՊԳԿ-ի տրամադրած ֆինանսավորման և տեխնիկական հմտությունների վրա։

Ծրագրի շրջանակում հունիսի 15-ին համաձայնագիր են ստորագրել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։

Երեկ Բնության համաշխարհային հիմնադրամի (ԲՀՀ) հայաստանյան մասնաճյուղը Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ 200 000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի համաֆինանսավորման համաձայնագիր են կնքել` որպես իր կողմից բնաիրային ներդրում:

Սա Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՊԳԿ-ի առաջին լայնածավալ նախագիծն է, որին աջակցում է Կանաչ կլիմայի հիմնադրամը (ԿԿՀ) և երկրի անտառային տնտեսությանն ուղղված՝ առաջին ֆինանսավորման առաջարկն է:

Ծրագրի նպատակները կյանքի կկոչի ՊԳԿ-ն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի հետ սերտ համագործակցությամբ։