«Դա ուղղակի բացառված է». Գրիգորյանը` Սյունիքում ադրբեջանական միջանցք ստեղծելու մասին

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի խոսքով` Հայաստանն Ադրբեջանի հետ քննարկում է բացառապես ճանապարհների բացման հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հայաստանի ու Ադրբեջանի միջև քննարկվող հաղորդակցությունների ապաշրջափակումը տարածաշրջանում չի ենթադրում ինչ-որ միջանցքի ստեղծում։ Այս մասին hraparak.am-ին տված հարցազրույցում հայտարարել Է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:

«Ուզում եմ ևս մեկ անգամ վստահեցնել և արձանագրել, որ միջանցքային տրամաբանության հարց ես երբևէ չեմ քննարկել, չեմ քննարկում ու չեմ էլ քննարկելու, դա ուղղակի բացառված է, և էդ կոնտեքստում որևէ բան մեկնաբանելու կարիք ու անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետև չի լինելու նման բան։ Դա հնարավոր չէ ուղղակի, դա բացառված է», – ասել է Գրիգորյանը։

«Միջանցքային տրամաբանություն» բառակապակցությամբ ենթադրվում է կողմերից մեկի կողմից լրացուցիչ սուվերեն իրավունքների տրամադրում։ Սա փոխվարչապետի պաշտոնակատարը բացառում է։

Լենինի նման` «պլոմբած» վագոնով․ Սկակովը խոսել է Սյունիքի «ճանապարհային միջանցքի» մասին

Գրիգորյանը նաև նշել է, որ տարածաշրջանում ուղիների ապաշրջափակման տրամաբանությունը ենթադրում է Ադրբեջանի և այլ երկրների կողմից հայկական տարածքի օգտագործման հնարավորություն բեռների տարանցման և ընդհանուր առևտրաշրջանառության համար։

«Ճանապարհներն էլ ադրբեջանական կողմից որևէ հսկողության չեն ենթարկվելու, ինչպես նաև արտոնյալ կամ որևիցե մի հատուկ կարգավիճակ չեն ունենալու», – վստահեցրել է Գրիգորյանը։

Հարցին, թե արդյո՞ք Սյունիքի տարածքով անցնելու է ճանապարհը, Գրիգորյանը դժվարացել է պատասխանել՝ հավելելով, որ դա կախված է ենթակառուցվածքների վիճակից և արդյունավետությունից:

ՀՀ կառավարությունը չի քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն. Փաշինյան

Մհեր Գրիգորյանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կառավարությունների փոխնախագահների կազմում գործող հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է: Չնայած ապրիլից հանձնաժողովի աշխատանքը դադարեցվել է, սակայն այսօր տեղեկություն է հայտնվել ռուսաստանցի համանախագահ, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի` Բաքու կատարած այցի մասին:

Նշենք, որ ադրբեջանական իշխանությունները մշտապես պնդում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Ադրբեջանի նախագահը նույնիսկ սպառնացել է, որ եթե Հայաստանը միջանցք չտրամադրի, ապա իրենք պատրաստ են այն ուժով վերցնել։

«Միջանցքային» տրամաբանությամբ հարցեր ՀՀ–ն չի քննարկելու. Մհեր Գրիգորյանը` իրանցի նախարարին