Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար փորձատեղ է պետք գտնել ոչ թե մեկ ուրիշ կոլեկտիվի հաշվին, այլ պրոֆեսիոնալիզմի սկզբունքով։ Այսօր Sputink Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Նա հիշեցրեց, որ նվագախումբը 15 տարի մշտական տեղ չուներ փորձերի համար, և որևէ մեկի մոտ սա հարց չէր առաջացնում։
«Մենք ապացուցում ենք, որ նվագախումբը առանց կենցաղային պայմանների ստեղծում է արժեք, լինի դա Հայաստանում, թե Հայաստանից դուրս։Սակայն նվագախումբը պիտի ունենա հնչողության մինիմալ պայմաններ, ու ամեն անգամ տարբեր տեղերում փորձ անելիս նվագախմբի որակն ընկնում է», – ընդգծեց Սմբատյանը։
Օրերս ԿԳՄՍ նախարարի` մշակույթի գծով տեղակալ Արա Խզմալյանը նշել էր, որ նվագախմբի համար տարածք է հատկացվելու Կամերային երաժշտության թատրոնում (Մարշալ Բաղրամյան պողոտայի հարևանությամբ), իսկ թատրոնը միավորվելու է Հակոբ Պարոնյանի անվան թատրոնին` անխուսափելի կրճատումներով։
Հարցին, թե արդյոք մի ստեղծագործական կոլեկտիվի խնդիրը կարո՞ղ է լուծվել մեկ այլ կոլեկտիվի հաշվին, Սմբատյանն ասաց, որ պատրաստ չէ պատասխանել այդպիսի հարցադրմանը, սակայն վստահ է, որ հարցը կարող է լուծվել, եթե քննարկման հիմքում դրվի պրոֆեսիոնալիզմի գաղափարը։
Նշենք, որ երկու թատրոնների միավորման հարցը քննարկման փուլում է. վերջնական որոշում դեռ չի ընդունվել։
Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը Բեթհովեն կնվագի 15-ամյա դաշնակահարի հետ