Ստամբուլում հայկական եկեղեցին անարգողները բերման են ենթարկվել. տեսանյութ

Ստամբուլի քաղաքապետարանն ու Էրդողանի կուսակցությունը դատապարտել են այդ գործողությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Թուրքիայում մի խումբ անձինք բերման են ենթարկվել Ստամբուլում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատին վրա հարբած պարելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` նշելով, որ Ստամբուլի քաղաքապետարանն ու Էրդողանի կուսակցությունը դատապարտել են նրանց գործողությունները:

​Նշենք, որ մինչ այդ ermenihaber.am կայքը հայտնել էր, որ 3 մարդ բարձրացել է Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքի պատի վրա և բարձր երաժշտության տակ պարել խաչի շուրջ:

Կայքը նաև հայտնում է, որ թեև եկեղեցու մոտ այդ պահին ոստիկաններ են եղել, բայց սրբավայրն անարգող քաղաքացիների դեմ միջոցներ չեն ձեռնարկել:

Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում և արժանացել Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների խիստ քննադատությանն ու պարսավանքին։

Թուրքիան մտադիր չէ կանգ առնել. Սաֆրաստյանն ասել է` ինչ կարող է լինել հաջորդիվ

Հայկական եկեղեցու նկատմամբ անհարգալից դրսևորմանն է անդրադարձել Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը, ով գրառում է արել Twitter-ում` դատապարտելով կատարողներին ու թույլ տվողներին։

Փայլանը պահանջել էր, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն սկսի դեպքի վայրում ներկա գտնված և անգործության մատնված ոստիկանների դեմ։