Արգիշտի Քյարամյանին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելը քաղաքական որոշում է։ Այստեղ քննչական մարմինների աշխատանքի որակի մասին խոսք լինել չի կարող։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փորձագետ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը։
Բալասանյանի կարծիքով` Քյարամյանին նոր պաշտոնում նշանակելը պայմանավորված է դատարաններում տիրող իրավիճակով. հատկապես վերջին շրջանում բավականին հաճախ են բեկանվում այս կամ այն պաշտոնատար անձանց, համայնքապետների ձերբակալման վերաբերյալ քննիչների, քննչական մարմինների որոշումները, ինչն իշխանությանը դուր չի գալիս։
«Հավանաբար, կա՛մ ՔԿ նախկին ղեկավարը ջանք չի գործադրել, որ այդ որոշումները լինեն անխոցելի և հսկողություն չի իրականացրել իր ենթակաների նկատմամբ, որպեսզի գործերը հասնեն դատարան, կա՛մ եղել են ավելի խիստ քաղաքական պատվերներ, որոնք Հայկ Գրիգորյանը հրաժարվել է իրականացնել»,- ասաց նա։
Թե որքանով էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի փոփոխությունը տեղին` ըստ փորձագետի` ժամանակը ցույց կտա։ Նրա խոսքով`քննչական համակարգը նորեկներին չի ընդունում, և այստեղ Քյարամյանը կարող է հանդիպել ներքին դիմադրության, անցնել գրված ու չգրված օրենքների հաղթահարման ճանապարհով։
«Երկարամյա քննիչները, որոնք տասնյակ տարիներ աշխատել են այդ համակարգում, սակայն առաջխաղացման հույս չունեն, կարող են ներքին դիմադրություն առաջ բերել։ Քյարամյանի քննչական փորձը ևս կասկածի տակ է դնելու նրա պրոֆեսիոնալ կարողությունները»,- նշեց Բալասանյանը։
Փորձագետը կոմիտեում կադրային փոփոխությունները ևս չի բացառում։ Նրա կարծիքով` կլինեն կադրեր, որոնք չեն ցանկանա աշխատել Քյարամյանի հետ զուտ նրա մասնագիտական կարողությունները հաշվի առնելով, կլինեն նաև այնպիսիք, որոնք կհեռանան զուտ յուրային չլինելու պատճառով։
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ է նշանակվել Արգիշտի Քյարամյանը։ Նա կփոխարինի Հայկ Գրիգորյանին, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2018 թվականին։
Արգիշտի Քյարամյանը նոր պաշտոն ստացավ. որոշումը հրապարակվել է
Քյարամյանը 2019 թվականի մարտի 1-ից աշխատում էր որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա ղեկավարի տեղակալ, հետո նաև պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Այնուհետև նա ԱԱԾ տնօրեն նշանակվեց` կառույցը ղեկավարելով 2020 թվականի հունիսից մինչև հոկտեմբեր: Պաշտոնից ազատվեց հոկտեմբերի սկզբին՝ արցախյան պատերազմի ամենաթեժ պահին։
2020-ի դեկտեմբերի 24-ին Քյարամյանը նշանակվեց ՔԿ նախագահի տեղակալ։
Քննչական կոմիտե վերադառնալն ինձ համար պատիվ է. Արգիշտի Քյարամյան