Պայթյուն Կոտայքի զրուցարաններից մեկում. 42-ամյա տղամարդը հոսպիտալացվել է

Տղամարդու բնակարանից ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել։ Կինն ասել է, որ ամուսինն արցախյան պատերազմի ընթացքում է դրանք ձեռք բերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. Զրուցարաններից մեկում պայթյուն է հնչել, որի հետևանքով մի տղամարդ է հոսպիտալացվել. գրում է Shamshyan.com-ը։

35–ամյա տղամարդը պայթուցիչով նռնակը ձեռքին շրջել է Ճամբարակում. ոստիկանության տեսանյութը

Ժամը 19։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «զույգ ստորին վերջույթների ականապայթունային, բեկորային վիրավորում, գլխի սալջարդ վերք, փակ գանգուղեղային վնասվածք հարցական» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

«Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Հրազդան քաղաքի բնակիչ, 42-ամյա Լև Ասրյանն է։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19։10-ի սահմաններում նա հիվանդանոց է տեղափոխվել Հրազդանի Կենտրոն թաղամասի 33 շենքի բակում գտնվող տաղավարից։ Նա այնտեղ մենակ է եղել և նռնակ է պայթեցրել, ինչի արդյունքում էլ վնասվածքներ է ստացել»,–նշված է կայքում։

Ոստիկանները տղամարդու բնակության վայրից պայուսակներ են գտել, որոնց մեջ հայտնաբերվել են 2 հատ «Ֆ1» տիպի նռնակ, 1 հատ «ՌԳԴ 5» տիպի նռնակ, 3 հատ նռնակի պայթուցիչներ, 119 հատ 7.62 տրամաչափի փամփուշտներ և նռնակի պլաստմասե կափարիչ։

33-ամյա երիտասարդը ծեծել է հորը ու պայթեցրել նռնակը. մանրամասներ՝ Էջմիածնի սպանությունից

Կինը ոստիկաններին հայտնել է, որ նշված զինամթերքը պատկանում է իր ամուսնուն, որը դրանք ձեռք է բերել 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։