ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից նախընտրական քարոզարշավի ժամանակ մուրճի ցուցադրումը բռնություն չէ։ Քաղաքական 4 ուժերի` ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ ՍԴ նիստի ժամանակ նման կարծիք հայտնեց դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը։
«Պողպատե մանդատ» և հաշտության մեկնած ձեռք. կհաջողվի՞ Փաշինյանին համախմբել ընդդիմադիրներին
Արդեն 4-րդ օրն է՝ Սահմանադրական դատարանում քննվում է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման գործը:
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի կողմից հնչած հայտարարություններում «կարմիր թելի» նման անցել է հետևյալ գաղափարը՝ մուրճի դիտարկումը սիմվոլ է, և այս ամենը հետապնդում է օրենքի դիկտատուրա հաստատելու նպատակ»,–ասաց Բիշարյանը։
Նրա խոսքով` այդ պայմաններում ակներև է, որ խոսքի համատեքստն ամենևին էլ բռնությանը չի վերաբերում, միգուցե կարող է վերաբերել հարկադրանքին, բայց ամեն հարկադրանք բռնություն չէ։
Բիշարյանը հավելեց, որ հարկադրանքը կարող է լինել օրինական, կարող է լինել իրավական, և եթե Փաշինյանի խոսքի համատեքստը արդարացի գնահատվեր ՍԴ դիմումատուների կողմից, կարող էին եզրահանգել, որ խոսքի համատեքստը բացառապես վերաբերել է անօրինական դրսևորումներին իրավական գնահատական տալուն։
Բիշարյանը նշեց նաև, որ այլ հարց է, որ դա ձևակերպվել է համապատասխան դարձվածքներով, ինչը քաղաքական խոսքի դրսևորում է։
Հիշեցնենք, որ Փաշինյանը մարզային հանդիպումերի ժամանակ մի մուրճ էր ցույց տալիս` ասելով, որ եկել է պողպատյա հեղափոխություն անելու ժամանակը կամ էլ դրա միջոցով են լուծելու մի շարք հարցեր հետագայում։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել էր այս երևույթին` ասելով, որ անթույլատրելի է մուրճի անընդհատ ցուցադրությունը։