ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը չի ընդունում մեղադրանքը, նրա պաշտպան Արսեն Վարդանյանն էլ անօրինական է համարում իր պաշտպանյալին 2 ամսով կալանավորելու որոշումը։
«Դատարանը կալանքի որոշում ընդունելիս հաշվի չառավ այդ մարդու` երկրորդ կարգի հաշմանդամ լինելը, արցախյան 3 պատերազմներին մասնակցելը, բարոյական հատկանիշները, Հայաստանի սահմաններն իր ջոկատով պաշտպանելու հանգամանքը։ Մենք կբողոքարկենք դատարանի որոշումն առաջիկա 1-2 օրվա ընթացքում»,- Sputnik Արմենիային ասաց նա։
Ինչ վերաբերում է Օհանջանյանի տնից հայտնաբերված զենք-զինամթերքին, դա, ըստ պաշտպանյալի, պետք է որ անակնկալ չլիներ իրավապահների համար։
«Զենքերի մասով մեղադրանք չկա Օհանջանյանի վրա։ Նրան մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ, իսկ զենքերը, ինչպես սահմանամերձ բոլոր գյուղերում, տրամադրվել է պաշտպանական նպատակով։ Այս պահի դրությամբ չեմ կարող ասել` դրանք օրինական են, բայց չեմ էլ հերքում դրանց օրինականությունը, որովհետև սահմանամերձ համայնքներին դրանք տրամադրվում են պետության կողմից»,- նշեց Վարդանյանը։
Հուլիսի 9-ին հայտնել էինք, որ իրավապահները խուզարկություն են իրականացնում Որոտանի վարչական ղեկավարի տանը, որից հետո նրան ձերբակալեցին։ Հուլիսի 10-ին դատարանը Օհանջանյանի ձերբակալումը ճանաչեց ոչ օրինաչափ, սակայն նրա նկատմամբ երկամսյա կալանքի միջնորդությունը բավարարեց։