ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Կոտայք մարզ, ծանոթացել Հայաստանում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարության ընթացքին։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարի պաշտոնակատարը մարզպետ Ահարոն Սահակյանի ուղեկցությամբ շրջել է շինհրապարակում, շինարարության կապալառու «Tunnel Sadd Ariana» ՓԲ ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել աշխատանքների իրականացման ընթացքը։ Պապիկյանը հորդորել է աշխատանքներն իրականացնել ըստ ժամանակացույցի և սահմանված որակային չափանիշներին համապատասխան։
Աղբավայրը կառուցվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացման համաձայնագրի շրջանակում և Հայաստանում կոշտ թափոնների համալիր կառավարման համակարգի ներդրման առաջին փորձն է։ Սանիտարական աղբավայրը կունենա ենթակառուցվածքներ՝ հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքեր ու ճանապարհային ուղիներ։ Բացի այդ, Կոտայքի մարզի Ակունք և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է, որից 5,5 մլն եվրոն վարկային միջոց է, 5,5 մլն եվրոն` դրամաշնորհ: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։
Գետերի ջրատվությունը 80 տոկոսով նվազել է․ Սուրեն Պապիկյանն ասել է՝ ինչու