Գետերի ջրատվությունը 80 տոկոսով նվազել է․ Սուրեն Պապիկյանն ասել է՝ ինչու

Նախարարի պաշտոնակատարը մի քանի պատճառ է նշել, թե ինչու են այս տարի գետերը սակավաջուր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Այս տարի Հայաստանի գետերի ջրատվությունը 80 տոկոսով նվազել է։ Այս մասին Արմենպրեսի հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։

«Չնայած տարին սկզբնական փուլում բարվոք էր, բայց տարվա ընթացքում առաջացավ սակավաջրության խնդիր: Տարբեր ուղղություններով սպասարկող հանդիսացող գետերի ջրատվությունը մոտ 80 տոկոսով պակասել է: Սա բերել է նրան, որ առկա ջրային ռեսուրսը հիմնականում սպառվում է, և դրան գումարվել է նաև էներգետիկ խնդիրը», - ասել է Պապիկյանը։

Նախարարի պաշտոնակատարը մի քանի պատճառ է նշել, թե ինչու են այս տարի գետերը սակավաջուր։

«Գիտեք, որ այս տարի Մեծամորի ատոմակայանը ամենաերկար կանգն է արել, ու այս պայմաններում մեր հնարավորությունները էներգետիկ առումով բավականին բարդ են: Տարբեր ուղղություններով անջատումները բերում են պոմպերի խափանման ու նաև բազում ճգնաժամերի, որը փորձում ենք կառավարել», - նշել է նախարարի պաշտոնակատարը։

Ատոմակայանի աշխատանքը կանգնեցվեց. այն 141 օր չի աշխատի

Պապիկյանը նշել է, որ որոշվել է Հայաստանում սակավաջրության կանխարգելման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծել։

«Այդ հանձնաժողովը ստեղծվել է, որպեսզի կարողանանք առկա երաշտի պայմաններում մարդկանց ջրի հասանելիությունը ապահովել, ինչպես նաև մեր ունեցած ռեսուրսը ճիշտ օգտագործել», - ասել է Պապիկյանը։

Նշենք, որ հանձնաժողովը զբաղվելու է Հայաստանում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման հարցերով։

Հանձնաժողովի նախագահն է Սուրեն Պապիկյանը:

Երաշտ` էլեկտրաէներգիայի դիմաց. ո՞վ է դատարկում ջրամբարները