Ադրբեջանում հավատարմագրված Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել են այցելել ադրբեջանցիների կողմից օկուպացված Շուշի, քանի որ նրանք և իրենց երկրների առաջնորդները ցանկանում են ամրապնդել իրենց դերակատարումը արցախյան կոնֆլիկտի կարգավորման հարցում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։
«Ե՛վ ՌԴ-ն, և՛ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ը մեկ անգամ չէ, որ ասել են, որ հասկանում են` արցախյան հիմնահարցը լուծված չէ, կոնֆլիկտը շարունակվում է։ Նոյեմբերի 9-ը ընդամենը զինադադարի համաձայնություն է, և ոչ թե խնդրի խաղաղ լուծում։ Նրանք ցանկանում են իրենց դերակատարումը ամրապնդել` սեփական շահերից ելնելով, դրա համար էլ չեն մեկնել Շուշի»,- ասաց նա։
Պողոսյանի խոսքով` դեսպաններին Ալիևը Շուշի էր տարել` ցուցադրաբար պարծենալու, որ իրենք «ազատագրել» են հայերի «օկուպացրած» հողերը, իրական փաստերը խեղաթյուրելով արդարանալու, թե ինչու են ռազմական գործողություններ ձեռնարկել և մեղադրանքների բոլոր սլաքներն ուղղել դեպի հայկական կողմը, ինչպես նաև ծանոթացնել տեղանքին` ներդրումների համար նախադրյալներ ստեղծելու համար։
«Դա կանխատեսելի էր, և ոչ միայն։ Հասկանալի էր, որ իրենք այդպես էլ վարվելու են իրենց բոլոր գործողություններն անելիս։ Ադրբեջանը 1994 թվականից նույն քաղաքականությունն է վարել ընդդեմ Հայաստանի և հիմա էլ նույն ձևով շարունակում է ցույց տալ իրենց «պուպուշիկ» լինելը»,- նշեց Պողոսյանը։
Նրա խոսքով`այս կանխատեսելիությամբ հանդերձ, հայկական կողմը ոչինչ չի արել, որ դեսպանները Շուշի տանելու առաջակն ընդունելիս փոքր-ինչ երկար մտածեին։ Պողոսյանն ասում է` դեռևս մարտ-ապրիլ ամիսներին ինքն անձամբ է Արցախի Հանրապետությանն առաջարկել, որ ԱԺ-ն ադրբեջանական օկուպացիայի մասին օրենք ընդունի, որում իրավական գնահատականներ կլինեն ինչպես փախստականների, տեղահանվածների, այնպես էլ օկուպացված տարածքների վերաբերյալ։
Շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու. Բեգլարյան
«Հունիսին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ՖԲ էջում նշել է, որ պատրաստվում է նախագիծը և շատ շուտով կընդունվի։ Ցավոք, մինչև այսօր դեռ չի ընդունվել։ Եթե այդ օրենքն ընդունվեր, այն հիմք կլիներ, որ դեսպանները մեկ օր ավել մտածեին` գնա՞լ ադրբեջանական պրոպագանդային ենթարկվելու, թե ոչ»,- ընդգծեց Պողոսյանը։
Նրա կարծիքով` հիմա նույնիսկ անօգուտ է նմանատիպ մի օրենք ընդունելը, քանի որ միջազգային հանրությունն այն դիտարկելու է որպես դեսպանների այցի արձագանք։
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանում հավատարմագրված դեսպանները, բացառությամբ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցիչների, միասնական այց էին կատարել դեպի ադրբեջանցիների կողմից օկուպացված հայկական Շուշի։
Ադրբեջանի պաշտպանության նախարարն առաջին անգամ պատմել է Շուշին վերցնելու մասին