Եթե Ադրբեջանը հայտարարություն է անում, դա դեռ չի նշանակում, որ այն համապատասխանում է իրականությանը, քանի որ արցախյան հիմնախնդիրը կարգավորված չէ այնքան, որքան գոյություն ունի Արցախը, որը Արցախը, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որովհետև այդ դեպքում Արցախը կվերածվի ռեզերվացիայի կամ համակենտրոնացման ճամբարի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի ԱԳՆ Դավիթ Բաբայանը։
Ըստ նրա` եթե Ադրբեջանը հայտարարում է, որ արցախյան խնդիրը լուծված է, ըստ երևույթին ցանկանում է ցույց տալ, որ Արցախը 44-օրյա պատերազմից հետո այս ծանր վերքերը ստանալով` այլևս իր պատկերացմամբ սուբյեկտ չէ, ուստի սկսում է երկրորդ փուլը։
«Մենք հակամարտությունը կոչում ենք ադրբեջանա-ղարաբաղյան` շեշտելով, որ կոնֆլիկտը Ադրբեջանի և մեր միջև է, իսկ իրենք առաջ են քաշում հայ–ադրբեջանական տարբերակը` ակնարկելով, որ Հայաստանը տարածքային հավակնություններ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Հիմա իրենք իրագործում են երկրորդ փուլը` շահագործելով այսպես կոչված Զանգեզուրի հանգամանքը և նույնիսկ ստեղծել են Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտի` դրա մեջ ներառելով Արցախի հարակից տարածքները, որոնք պատմականորեն կապ չունեն Զանգեզուրի հետ»,– նշեց Արցախի Հանրապետության արտգործնախարարը։
Բաբայանի կարծիքով` եթե ասում են Արևելյան Զանգեզուր, ուրեմն կա նաև Արևմտյան Զանգեզուր, որն ադրբեջանցիների պատկերացմամբ Հայաստանի Սյունիքի մարզն է, հետևաբար արցախյան խնդիրն, ըստ Բաբայանի, կամաց–կամաց վերաձևվվում է, հետո այլ տարածքների նկատմամբ ադրբեջանցիները նույնպես ցուցաբերելու են որոշակի նկրտումներ։
«Անկախ ամեն ինչից` Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն իրենց աշխատանքը, որովհետև դա հիմնախնդրի կարգավորման միակ ձևաչափն է։ Կպահանջվի ժամանակ, որպեսզի լիարժեք ձևով վերսկսվեն բանակցությունները։ Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ միշտ եղել է մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։ Այլ տարբերակ չկա»,– նշեց Բաբայանը։
ԵՄ-ն պատրաստ է ավելի ակտիվ աջակցել ղարաբաղյան ճգնաժամի հաղթահարմանը․ եվրահանձնակատար
Անդրադառնալով այն պատմական իրողությանը, որ 1988 թ. հուլիսի 12-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի 8-րդ նստաշրջանը հայտարարեց «Ադրբեջանական ԽՍՀ կազմից Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դուրս գալու» մասին, Բաբայանն ընդգծեց, որ հիմնախնդիրը գտնվում է պատմական, իրավական ու աշխարհաքաղաքական հարթություններում և մեր տարածաշրջանում այժմ գերակշռում է վերջին գործոնը, բայց դա չի նշանակում, որ պետք է մոռացվեն մյուս երկու գործոնները։ Ըստ նրա` միշտ պետք է լինել իրատես, չգործել վիրտուալ կյանքում և չցուցաբերել ոչ պրոֆեսիոնալ կեցվածք։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: