ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի -Sputnik. Հայաստանն այսօր նշում է Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավոր տոներից մեկը Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը:
Ըստ ավետարանի՝ Տեր Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է: Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում: Հիսուս առաքյալներին պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:
Տոնը Հայաստանում նաև Վարդավառ անունով է հայտնի, որի արմատները գալիս են հեթանոսական ժամանակաշրջանից: Պահպանվել է նաև ջրի պաշտամունքի ծեսի մի հատվածը, երբ մարդիկ միմյանց վրա ջուր են ցողում: Քրիստոնեության մեջ այդ սովորույթը կապվեց համաշխարհային ջրհեղեղի հետ
«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:
Ինչ սպասել Վարդավառին. եղանակի տեսություն
Թեև Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց իր աստվածությունը:
Վարդավառի տոնին հաջորդում է մեռելոցը: Եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ։