Հայկ Մարությանն աշխատանքից ազատել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նրա տեղակալը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Հովհաննես Մանուկյանն ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժինը։ 

Որևէ մեկը չի կարող ստիպել թաղապետարանի աշխատակիցներին մասնակցել այս կամ այն հավաքին

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 89-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հ. Մանուկյանի դիմումը՝ Հովհաննես Մանուկյանին 2021 թվականի հուլիսի 7-ից ազատել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից»,–ասվում է քաղաքապետի համապատասխան որոշման մեջ:

Նույն որոշումով Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գագիկ Աբաջյանի վրա:

Նշենք, որ վերջին մեկ ամսում արդեն երկրորդ վարչական շրջանի ղեկավարն է աշխատանքից ազատվելու դիմում գրում. հունիսի 23–ին նույն հարցով քաղաքապետին էր դիմել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մhրյանը։

Երևանյան կրիմինալը. ապամոնտաժվել են ապօրինի կրպակներ, Աջափնյակի ղեկավարը հրաժարական է տվել

Ավելի վաղ Մhրյանի հրաժարականի մասին գրել էր «Ժողովուրդ» թերթը` նշելով, որ Մհրյանի հեռանալու պատճառը ընտրությունների արդյունքները չեն, այլ դրանից երկու օր առաջ Աջափնյակի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը ՔՊ-ականների հետ, որի ժամանակ ՔՊ–ականները ներխուժել էին թաղապետարան և նրան ու տեղակալներին մեղադրել չաշխատելու մեջ։

Հուլիսի 1–ին Սասուն Մկրտումյանը նշանակվեց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար: Վերջինս նախկինում աշխատել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնում (ԳԹԿ):

Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար ունի