Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. փաստաբանները դատարան են դիմել

Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8–ին Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մերժել էր, ինչի հետևանքով Չարչյանը մնաց կալանքի տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի արդեն նախկին ղեկավար Արմեն Չարչյանի փաստաբանները քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել Առաջին ատյանի դատարան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբաններից Էրիկ Ալեքսանյանը։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8–ին Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մերժել էր, ինչի հետևանքով Չարչյանը մնաց կալանքի տակ։

«Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի հանցակազմի բացակայության հիմքով, իսկ քրեական գործը դատարանի որոշմամբ պետք է կարճվի՝ մինչև դատաքննություն սկսելը»,–ասաց պաշտպանը։

Ալեքսանյանի խոսքով` դատավորն իրավունք ունի 15–օրյա ժամկետում բացի նիստի օր նշանակելուց, նաև քրեական հետապնդումը դադարեցնել և կարճել վարույթը։ Ընտ նրա` խոսքը քրեական հետադնդումը բացառելու մասին է, և դատավորը կարող է նմանատիպ որոշում կայացնել, քանի որ կան նման նախադրյալներ։

Վերացրե՛ք Չարչյանի կալանքը. սպիտակ խալաթներով ակցիա` դատախազության դիմաց. տեսանյութ

Ըստ պաշտպանող կողմի` քրեական գործի հարուցման առիթ է հանդիսացել ՀՔԾ խոսնակի զեկուցագիրը, իսկ մեղադրող կողմը պնդում է, որ հիմք են հանդիսացել լրատվամիջոցի հրապարակումը կամ վարույթ իրականացնող մարմնի ուսումնասիրությամբ հայտնաբերված հանգամանքները։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։