Ադրբեջանի ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել, ՀՀ ՊՆ–ն հերքում է` կրակ չեն բացել

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը նշում է, որ անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. հայկական կողմը կրակ չի բացել։ Այսպիսի բովանդակությամբ հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

ՀՀ զինված ուժերը չեն գնդակոծել Տավուշի սահմանի ադրբեջանական դիրքերը. ՊՆ

ՊՆ–ն շեշտել է, որ անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հուլիսի 9–ի երեկոյան Ճամբարակում տեղակայված դիրքերի (Գեղարքունիքի մարզ,–խմբ.) հրաձգային զենքերից գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը:

Ասվում էր, որ զոհեր ու վիրավորներ չկան։

Հավելենք, որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում հաճախ է նմանատիպ ապատեղեկատվություն տարածում, իբր, հայկական կողմը կրակում է իրենց ուղղությամբ։ 

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Սահմանների հստակեցումը լինելու է բացառապես մեր հաշվին. ի՞նչ է ստանալու Հայաստանը դրա դիմաց

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցություններն արդյունք չտան։

Ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ. Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ քարտուղարին

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել է զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը հուլիսի 6–ին փոխհրաձգություն էր հրահրել, որի արդյունքում հայկական կողմից վիրավորոմ էր ստացել մեկ զինծառայող։