Տիեզերք կթռչի առաջին միլիարդատերը, որին դպրոցում «ամենադմբո աշակերտ» էին կոչում

Եկեք անկեղծ լինենք։ Բոլորս էլ երազել ենք տիեզերք թռչելու մասին, ու դրա իրական հնարավորությունը ստեղծվել է։ Այս կիրակի սկսվում է զբոսաշրջային տիեզերական թռիչքների նոր փուլը։
Sputnik
Տիեզերք կթռչի առաջին միլիարդատերը, որին դպրոցում «ամենադմբո աշակերտ» էին կոչում

Ինչու նոր՝ որովհետև, ինչպես գիտեք, 2000-ականներին մի քանի տուրիստներ վճարել են հսկայական գումար՝ 20-ից 40 միլիոն դոլար և ռուսաստանյան հրթիռներով այցելել Միջազգային տիեզերակայան. բայց հետո այդ ծրագիրը տարբեր պատճառներով դադարեցվել է։ Հուլիսի 11-ին հենց իր ընկերության` «Վիրջին գելաքթիկի» ստեղծած հրթիռով տիեզերք կուղևորվի  առաջին միլիարդատերը՝ 70-ամյա Ռիչարդ Բրենսոնը։ Անձնակազմի հետ միասին նա կհայտնվի մեր մոլորակից  90 կիլոմետր բարձրության վրա, այսինքն, գրեթե բաց տիեզերքում, և մի քանի րոպե էլ կըմբոշխնի անկշռելիությունը։

Ո՞վ է բրիտանացի մեծահարուստ Ռիչարդ Բրենսոնը։ Դպրոցի «ամենադմբո աշակերտը». հենց այդպես էին նրան անվանում դպրոցական տարիներին։ Սակայն, երբ Բրենսոնը 16 տարեկան հասակում հրատարակեց իր առաջին երիտասարդական պարբերականը, դպրոցի տնօրենը գրեց նրան. «Շնորհավորում եմ և կանխատեսում՝ դու կա՛մ բանտ կնստես, կա՛մ միլիոնատեր կդառնաս»։

Իմ Գագարինը, հայերն ու տիեզերքը

Տնօրենի գուշակության առաջին մասը իրականություն դարձավ բավական արագ։ 21 տարեկանում Բրենսոնը երաժշտական ստուդիա բացեց, սկսեց ձայնասկավառակներ վաճառել, բայց հարկերը չէր մուծում և ի վերջո մեկ օրով հայտնվեց մեկուսարանում։ Ճիշտ է, հենց հաջորդ օրը մայրն ազատեց տղային խոշոր գրավի դիմաց։

Սակայն  իր կյանքի այս ոչ այնքան հաճելի դրվագը Բրենսոնը չմոռացավ նույնիսկ այն ժամանակ, երբ կատարվեց դպրոցի տնօրենի կանխատեսման երկրորդ մասը և հարուստ դարձավ։ Եթե լսեք, որ 5 ու կես միլիարդ դոլարի կարողություն ունեցող Բրենսոնը հիմա էլ շարունակում է իր բազմաթիվ ընկերություններում տարբեր պաշտոններ վստահել նախկին բանտարկյալներին, շատ էլ չզարմանաք։

Տարիներ առաջ մեծահարուստը գրել էր. «Միացյալ նահանգների, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների բանտերը լիքն են աղքատ և անբարեհաջող ընտանիքներում մեծացած մարդկանցով։ Անգլիայում կալանավայրերից դուրս եկածների գրեթե կեսը կրկին հանցագործություն է կատարում հենց առաջին տարվա ընթացքում։ Եվ մենք հաստատ գիտենք մի բան՝ խնդրի լուծումը աշխատատեղերն են։ Դրա համար էլ ես մշտապես հորդորել եմ իմ ընկերությունների ղեկավարներին շանս տալ դատվածություն ունեցող մարդկանց և աշխատանքի տեղավորել նրանց»։

Բոլոր մրցավարները դժոխք են գնում, կամ ֆուտբոլային զավեշտալի պատմություններ

Այժմ Բրենսոնի հիմնած «Վիրջին գրուփ»-ի մեջ են մտնում 40 ընկերություններ աշխարհի 35 երկրներում, իսկ աշխատողների թիվը գերազանցում է 60 հազարը։ Ինչով ասես չի զբաղվում բրիտանացի մեծահարուստը՝ սննդամթերքի արտադրություն, տրանսպորտ, բջջային կապ, ժամանցային միջոցառումներ։ Ահա այսպես տարիների ընթացքում ընդլայնեց ու հզորացրեց  իր  տերությունն  այն մարդը, որը մոր նվիրած ընդամենը 1000 դոլարով ժամանակին սկսել էր երիտասարդական հանդես հրատարակելուց։ Նոր բիզնեսը երբեմն պարզապես պատահաբար էր ծնվում։ Գիտե՞ք արդյոք, թե ինչպես Բրենսոնը մուտք գործեց ավիացիոն ոլորտ։ Չեք հավատա, բայց ուղղակի մի օր գնում էր Վիրջինյան կղզիներ՝ սիրած աղջկան տեսնելու և մնացել էր Պուերտո-Ռիկոյի օդակայանում։

Հայաստանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի տիեզերքին նվիրված միջազգային համաժողովին

Բրենսոնը օդակայանում հայտնաբերեց երկար ժամանակ չօգտագործված, բայց միանգամայն սարքին վիճակում գտնվող մի ինքնաթիռ և դիմեց բախտակից ուղեւորներին, որոնք արդեն պատրաստվում էին գիշերն անցկացնել նստարաններ վրա. «Եթե հենց հիմա ես լրացուցիչ չվերթ կազմակերպեմ, պատրա՞ստ եք վճարել 39-ական դոլար»։ Բոլորն ուրախությամբ համաձայնեցին, Բրենսոնը վարձակալեց օդանավը, գտավ օդաչուներին և թռիչքը կայացավ։

Այդ փորձով ոգևորված 21-ամյա Բրենսոնը հենց հաջորդ օրը զանգահարեց  «Բոինգ» ընկերություն և առաջարկեց էժան գնով իրեն վաճառել մի քանի ինքնաթիռ, որոնք ավիաշինական հսկան, միևնույն է, չէր օգտագործում։  Ա՛յ, էսպես Բրենսոնը մտավ ավիացիա, որն ի վերջո տարավ նրան դեպի տիեզերք։

Տիեզերքում արդեն հասունանում է մեծ մրցակցություն։ Ամերիկյան մի քանի ընկերություններ հայտարարել են, որ պատրաստվում են առաջիկա տարիներին հասցնել զբոսաշրջիկներին ուղեծիր, որտեղ նրանք կմնան մի քանի օր, այնինչ Բրենսոնի նախաձեռնած թռիչքը կիրակի օրը ընդամենը մի քանի տասնյակ րոպե է տևելու։ Սակայն այժմ Բրենսոնի հիմնական և շատ հզոր մրցակիցն է աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը հասնում է 200 միլիարդ դոլարի։ Նա էլ պատրաստվում է մոտ տասն օրից՝ հուլիսի 20-ին,  իր ընկերության մշակած հրթիռով բարձրանալ մինչև 100 կիլոմետր։ Բայց այդ մասին՝ ամսվա երկրորդ կեսին։