Քաջարանի քաղաքապետը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել

Մանվել Փարամազյանի պաշտպանը հայտնում է, որ այժմ դատարանը քննում է պաշտպանյալին կալանավորելու միջնորդությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

«Չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու». Փաշինյանը կրկին սպառնացել է Զանգեզուրի կոմբինատին

Նա հայտնում է, որ Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով (խարդախությունը), 311-րդ հոդվածի 4-րդ մասով (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը)։

«Փարամազյանի ձերբակալման իրավաչափությունը մեր կողմից վիճարկվում է դատարանում, միաժամանակ վարույթն իրականացնող մարմինը դատարան է ներկայացրել նրան կալանավորելու մասին միջնորդություն։ Այժմ դրանք քննվում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում»,–գրել է Սահակյանը։

Նրա խոսքով` առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենն իր նկատմամբ ձեռնարկված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

«Մի երկու ամիս էլ Սուրենին կնստացնեն». Որոտանի վարչական ղեկավարին ձերբակալել են

Սահակյանը հայտնել է նաև, որ առաջադրված մեղադրանքը կապված է 2017 թվականին Փարամազյանի ընկերներից մեկի կողմից սեփականատիրոջից հողատարածք ձեռք բերելու, ապա հետագայում երրորդ անձի ավելի բարձր գնով վաճառելու մի պատմության հետ, որի ընթացքում հողատարածքը ձեռք բերողն ու վաճառողն այդ գործարքը պարզապես իրականացրել է իր ազգականի անվամբ:

Ըստ փաստաբանի` թեև նշված գործարքն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, նոտարական կարգով, կադաստրային գրանցումով ու չի ենթադրում որևէ ապօրինություն, ու անհասկանալի է, թե դրա ենթատեքստում ինչպես հնարավոր է հանցակազմ նշմարել։ Դրանից բացի, ինքը՝ Փարամազյանը որևէ առնչություն չի ունեցել այդ գործարքին:

Հիշեցնենք` ԱԱԾ աշխատակիցները երեկ խուզարկություն էին իրականացրել Քաջարանի համայնքապետի բնակարանում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, ձերբակալել կոմբինատի աշխատակիցներից մեկին։

Քաջարանի համայնքապետին բերման էին ենթարկել, հուլիսի 7-ին բերման էր ենթարկվել, ապա ազատ արձակվել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, իսկ Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կաշառք տալու մեղադրանքով երեկ կալանավորվեց։

Այսօր hայտնի դարձավ, որ Որոտան համայնքի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանին նույնպես ձերբակալել են։