ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:
Ինչպես հայտնում են նախարարությունից, զրույցի ընթացքում Չոբանյանը նշել է, որ Հայաստանի համար ստրատեգիական կարևորություն ունի բարձր տեխնոլոգիական արտադրության բնագավառի զարգացումը: Հաշվի առնելով Ֆրանսիայի հարուստ փորձը այդ ոլորտում՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ մտադիր է առաջիկայում այցելել Ֆրանսիա, հանդիպել տեղի գիտական ու տեխնիկական հետազոտությունների համար պատասխանատու մարմինների, կազմակերպությունների և կրթօջախների հետ:
Նախարարի պաշտոնակատարը հայտնել է, որ այցի շրջանակներում նախատեսում է նաև այցելել Թուլուզ` ծանոթանալու քաղաքի գիտատեխնիկական մեծ ներուժին։ Ի դեպ, Թուլուզի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտը պատրաստվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային գերհզոր համակարգիչ նվիրել։
Դեսպան Լաքոտը կարևորել է նախարարի պաշտոնակատարի նախատեսված այցը Ֆրանսիա` համագործակցության նոր ուղղությունների բացահայտման առումով, ինչպիսիք են, օրինակ, արհեստական բանականությունը, արբանյակային ծրագրերը, միջուկային արդյունաբերությունը և այլն: Նա նշել է, որ դեսպանությունը կազմակերպչական և խորհրդատվական աջակցություն կտրամադրի՝ այցը բարձր մակարդակով իրականացնելու համար:
«Կարևոր քայլ». Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ հայ գերիների ազատ արձակման մասին
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունակությունների զարգացման ու նոր հմտությունների ձեռքբերման նպատակով հայ և ֆրանսիացի մասնագետների համար փոխայցերին, համատեղ դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը, էկոհամակարգի նոր ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը։