ԵՄ-ն պատրաստ է ավելի ակտիվ աջակցել ղարաբաղյան ճգնաժամի հաղթահարմանը․ եվրահանձնակատար

Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատարի խոսքով՝ Բրյուսելը ծրագրում է աջակցել տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ու տնտեսական վերականգնմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Եվրոպական միությունը պատրաստ է առավել ակտիվ դեր խաղալ տարածաշրջանում հետկոնֆլիկտային վերականգնման գործում։ Այս մասին այսօր Երևանում ասել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ ճեպազրույցի ընթացքում:

Նա ափսոսանք է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտությունը զոհերի և մարդասիրական ճգնաժամի է հանգեցրել։

Չնայած մարտահրավերներին, ժողովրդավարական բարեփոխումները շարունակվում են. Մհեր Գրիգորյան

«ԵՄ-ն պատրաստ է ակտիվ դեր խաղալ ռազմական գործողություններին հաջորդած իրավիճակի կարգավորման գործում։ Պատրաստ է աջակցել վստահության ամրապնդման, հումանիտար ճգնաժամի հաղթահարման հարցում։ Իսկ ապագայում, հիմնական գործընկերոջ կարգավիճակում, օգնել տնտեսապես վերականգնել ճգնաժամից տուժած հատվածները»,-ասել է Վարհելին։

Նրա խոսքով՝ որպես «նվեր» նա իր հետ մեծ ֆինանսական և տնտեսական ներդրումների ծրագիր է բերել՝ համաճարակի հետ կապված ճգնաժամը հաղթահարելու համար։

ԵՄ-ն պատրաստ է այդ միջոցներն օպերատիվ կերպով ուղղել Հայաստանի տնտեսության շուտափույթ վերականգնմանը։ Ճիշտ այնպես, ինչպես Արևելյան գործընկերության մյուս երկրներում։

Նա նշել է, որ Հայաստանի բնակիչներն աշխատատեղերի կարիք ունեն, սակայն պետք է հաշվի առնել այն խնդիրները, որոնք գոյություն են ունեցել համավարակից առաջ։

«Այդ պատճառով մենք ցանկանում ենք առավելագույնս արագ իրականացնել տնտեսության թվայնացման նախագծերը, բայց ամենակարևորը՝ մենք ցանկանում ենք առևտրային ուղիներ և կապ ստեղծել եվրոպական շուկայի հետ։ Դրա օգնությամբ մենք կկարողանանք տարածաշրջանն ավելի մոտ դարձնել Եվրամիությանը»,-նշել է Վարհելին։

Եվրամիությունն առաջարկել է վերացնել Հայաստանից ԵՄ երկրներ այցելելու սահմանափակումը

Եվրահանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն հույս ունի 17 մլրդ եվրո ներգրավել ամբողջ տարածաշրջանում ծրագրի իրականացման համար:

Ավելի վաղ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը Բրյուսելին շնորհակալություն էր հայտնել Հայաստանին 1,6 մլրդ եվրո հատկացնելու համար և տեղեկացրել էր, թե ինչի վրա կծախսվի այդ գումարը։