Ձերբակալված ամերիկացիները հայտնել են, թե ինչու են հարձակվել Հայիթիի նախագահի վրա

Հայիթիում երկրի նախագահ Ժովենել Մոիզի սպանության գործով ձերբակալված ամերիկացիները հարցաքննության ժամանակ հայտարարել են, որ իրենց առաջ երկրի ղեկավարի ֆիզիկական ոչնչացման խնդիր դրված չի եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հայիթիում երկրի նախագահ Ժովենել Մոիզի սպանության գործով ձերբակալված ԱՄՆ քաղաքացիները հարցաքննության ժամանակ հայտարարել են, որ վարձկանների առջև պետության ղեկավարին սպանելու խնդիր չի դրվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական Nouvelliste թերթին:

Հայիթիի նախագահի սպանության հավանական մասնակիցները ձերբակալվել են Թայվանի դեսպանատանը

Վերջին տվյալներով` ձերբակալվածների թվում երկու ամերիկացի կա՝ Ջեյմս Սոլաժն ու Ժոզեֆ Վենսանը։

Ըստ թերթի աղբյուրների՝ ամերիկացիներն ասել են, որ իրենք թարգմանիչ են եղել։ Վարձկանների նպատակն էր ձերբակալել նախագահ Մոիզին՝ քննչական դատավորի հրամանով, այլ ոչ թե սպանել նրան։ Թե հատկապես որ հրամանն են նկատի ունեցել ձերբակալվածները, չի պարզաբանվում։

Սոլաժը հայտարարել է, որ «այդ աշխատանքը գտել է համացանցում»։ Նրա խոսքով՝ ինքը Հայիթի է ժամանել մեկ ամիս առաջ, իսկ վարձկանները՝ երեք ամիս առաջ։

Հայիթիի սպանված նախագահի երեխաները լքել են երկիրը․ ԶԼՄ

Ենթադրյալ մարդասպաններին պատկանող ավտոմեքենաների խուզարկության արդյունքում հրազենից և դոլարներից բացի հայտնաբերել են նաև Մոիզի տանը տեղադրված հսկողության տեսխցիկի սերվերը և նրա կնոջ չեկերի գրքույկը:

Ավելի վաղ Հայիթիի իրավապահ մարմինները հայտնել էին, որ նույնականացրել են 28 ենթադրյալ հանցագործներին, որոնցից 26-ը Կոլումբիայի քաղաքացիներ են։ Ձերբակալվել է ընդհանուր առմամբ 17 կասկածյալ, ևս 7-ը սպանվել են ոստիկանական գործողությունների ընթացքում։

Հայիթիի նախագահը մահացու վիրավորում է ստացել հուլիսի 6–ի լույս 7–ի գիշերը նստավայրի վրա հարձակման ընթացքում։ Նրա կինը` Մարտին Մոիզը, ծայրահեղ ծանր վիճակում է։ Մոիզի սպանությունից հետո մինչև ժամանակավոր նախագահի ընտրությունը երկրում իշխանությունը վերահսկում է նախարարների խորհուրդը` վարչապետի գլխավորությամբ։

Հայիթիի նախագահին սպանել են օտարերկրացիները. տեսանյութ